ՆԱՏՕ-ի ինչի՞ն է պետք Չեռնոգորիան

20151202_151202-sg-or-nac-mont2

«Անցած շաբաթ Չեռնոգորիայի խորհրդարանը քվեարկեց ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու օգտին, եւ թերեւս ռազմական տեսանկյունից ամենաանօգտակար անդամի շնորհիվ ընդլայնվեց դաշինքի կազմը», – գրում է Bloomberg View-ի վերլուծաբան Լեոնիդ Բերշիդսկին:

«Չեռնոգորիան դաշինքում կունենա ամենափոքրաթիվ բանակը Լյուքսեմբուրգից հետո, որը չի ծախսի իր ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության ոլորտի համար: Երբ այդ երկիրը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցը քննարկվեց առաջին անգամ, շատ վերլուծաբաններ ընդգծեցին, որ դա դաշինքին հնարավորություն կտա վերահսկողության տակ վերցնել Ադրիատիկ ծովի ամբողջ ափամերձ շրջանը: Սակայն, եթե անգամ Ադրիատիկում ՆԱՏՕ-ի միակ անդամը լիներ Իտալիան, այդ սահմանափակ ծովային տարածքը մահացու ծուղակ կլիներ ցանկացած  ագրեսորի համար»,- նշում է հեղինակը:

«Չեռնոգորիան ռազմական որեւէ նշանակություն չունի, այդ երկրի բնակչությունը լավատեսորեն չէ տրամադրված ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում: Զգալի դերակատարում ունեցող սերբ բնակչությունը մտահոգություններ ունի դաշինքի հետ կապված եւ գերադասում է գործ ունենալ Ռուսաստանի հետ: Պանսլավոնական գաղափարները մեծ տարածում ունեն, ինչին նպաստում է Ռուսաստանի տնտեսական էքսպանսիան վերջին 10 տարիներին: Չեռնոգորիայի ընկերությունների 1/3-րդը եւ ամբողջ անշարժ գույքի 40%-ը պատկանում է ռուսաստանցիներին, իսկ օտարերկրյա ներդրումների 1/3-րդը կազմում է Ռուսաստանի մասնաբաժինը»:

«Չեռնոգորիայի կառավարությունը պնդում է, որ Ռուսաստանի քաղաքացիներն անցյալ տարի մասնակցություն են ունեցել ՆԱՏՕ-ին ուղղված հեղաշրջման փորձին: Ռուսաստանյան վարչակազմի, նաեւ դաշինքի համար իսկական խնդիր է հետխորհրդային երկրներում ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման հնարավորությունը: Այդ արտասովոր պարի մեջ եւ ՆԱՏՕ-ն, եւ Ռուսաստանը լավ գիտեն համարձակության սահմանները: Ռուսաստանը Չեռնոգորիայում օպերացիա չի սկսի ղրիմյան սցենարով, իսկ ՆԱՏՕ-ն կանտեսի սառեցված հակամարտությունները Մոլդովայում, Վրաստանում եւ Ուկրաինայում»:

«Չեռնոգորիային ընդունելով իր շարքերը, ՆԱՏՕ-ն կոչ է անում չհանձնվել դաշինքի կազմում ընդգրկվել ձգտող երկրներին, քանի որ դեռ գալու է իրենց ժամանակը: Իսկ Մոսկվան նույն էնտուզիաստներին եւ ՆԱՏՕ-ին վստահեցնում է, որ դա անիրականանալի երազանք է»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ BloombergView

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝