Մակրոնը Ռուսաստանի հարցում լարախաղացությամբ է զբաղված

74583EE7-560D-4268-8A71-8D9EF28516AB_w1023_r1_s

«Ֆրանսիայի նախագահական ընտրությունները բացահայտեցին այն փաստը, որ ընտրողները գոհ են այն թեկնածուներից, ովքեր մտերիմ են Վլադիմիր Պուտինի հետ»,- պնդում է The Wall Street Journal-ի մեկնաբան Ջոն Վինոկուրը: «Միեւնույն ժամանակ ֆրանսիացի ծովային հետեւակայիններն ավարտել են տեղակայումը ՆԱՏՕ-ի զինված ուժերի կազմում, որը գտնվում է Էստոնիայում որպես «պահուստային ուժ» ռուսաստանյան ներխուժումից պաշտպանվելու համար: 300 ֆրանսիացի ծովային հետեւակային եւ առավել մեծաթիվ բրիտանական զորախմբեր տեղակայված են Ռուսաստանի սահմանից մոտ 100 մղոն հեռավորության վրա»,- հիշեցնում է հեղինակը:

Վինոկուրի կարծիքով, ֆրանսիացի զինվորականների տեղակայումն Էստոնիայում ողջունելի քայլ էր ՆԱՏՕ-ի կողմից, սակայն անհարմար թեմա է Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ Էմանուել Մակրոնի եւ Մարին Լը Պենի համար:

«Այն, որ Մարին Լը Պենը լռում է այդ տեղակայման մասին, բացահայտում է Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու նրա դատարկաբանությունը եւ նրա նվիրվածությունը Պուտինին: Լը Պենը մտավախություն ունի, որ իրեն կմեղադրեն ֆրանսիացի հետեւակայիններին դավաճանելու մեջ, այնպես որ, նա չի կարող հայտարարել, որ նրանց առաքելությունն անիմաստ քայլ էր: Լը Պենը չի համարձակվի ասել, որ դառնալով նախագահ՝ նա իր ծովային հետեւակայիններին դուրս կբերի Էստոնիայից երդմնակալության հաջորդ օրը»,- ասվում է հոդվածում:

«Իր հերթին Մակրոնը չի համարձակվում բնութագրել Եվրոպայում Մոսկվայի ագրեսիան որպես վտանգավոր: Դատելով նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունից՝ ֆրանսիացիները նախընտրում են անտեսել ռուսաստանյան ագրեսիան: Երեք թեկնածուները, ովքեր համակրում են Պուտինին, առաջին փուլում միասին հավաքել են 61,09 տոկոս ձայն, իսկ Մակրոնը եւ Ամոնը՝ 30,37 տոկոս»,- գրում է Վինոկուրը:

«Ռուսաստանյան հարցի վերաբերյալ Մակրոնի զգուշավորությունը կարելի է բացատրել պոտենցիալ ընտրողներին իր կողմը գրավելու անհրաժեշտությամբ: Մակրոնը չի աջակցել ԱՄՆ-ի պետքարտուղարին եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարին, երբ նրանք քննադատում էին Ռուսաստանին Սիրիայում ունեցած դերակատարման համար: Անցած տարի նա ասել էր, որ Արեւմուտքը պետք է թուլացնի ուկրաինական ճգնաժամի լարվածությունը,  եւ Ռուսաստանին  անվանել էր «գործընկեր» Սիրիայի հարցում Ֆրանսիայի հետ երկխոսության համար: Ճիշտ է, ավելի ուշ նրա տոնայնությունը փոխվեց»:

«Եթե Մակրոնը ցանկանում է, որպեսզի ամբողջ աշխարհում հարգանք վայելի, նա պետք է իրեն ներկայացնի որպես ուժեղ քաղաքական գործիչ, գրում է հեղինակը եւ խորհուրդ տալիս, որ եթե նա դառնա նախագահ, այցելի Էստոնիայի ռազմաբազայի ֆրանսիացի ծովային հետեւակայիններին»:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝