«Ռուսաստանում հասունանում է այն գաղափարը, որ առանց Եվրոպայի հնարավոր չէ»

4dd1bd6d407d0a53c22cbffd1749f2f0

«Ռուսաստանցիներն այնքան էլ ոգեւորված չեն այն ամենով, ինչ այժմ տեղի է ունենում Դոնբասում, եւ Ռուսաստանում հասունանում է այն միտքը, որ երկիրն ամեն դեպքում պետք է նորից շրջվի դեպի Եվրոպան»: Tagesspiegel թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտը:

«Մինսկյան համաձայնագիրը մահացած չէ, սակայն հաջողված էլ չի կարելի համարել: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք աշխատել նրանց հետ, քանի որ ես չեմ տեսնում որեւէ հնարավորություն նորը ձեռք բերելու համար»,- ասել է Բիլդտը: Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորումը դժվար թե ստացվի իրականացնել առանց խաղաղապահ զորքերի: «Սակայն, դժբախտաբար, հիմա դրա համար չկա ոչ մի պայման: Ռուսաստանը չի աջակցի այդ նախաձեռնությանը: Հաջորդ տարվա ընտրությունների նախօրեին ռուսաստանյան կողմն առհասարակ պատրաստ չէ փոխզիջումների գնալ»,- նշել է քաղաքական գործիչը:

«Այնուամենայնիվ, ի տարբերություն Ղրիմի անեքսիայի, Ռուսաստանում այդքան էլ չեն աջակցում Դոնբասում տեղի ունեցածին: Այս ճգնաժամը չափազանց թանկ է եւ կեղտոտ: Դոնբասը ծանր բեռ է Ռուսաստանի համար»:

«Առաջիկայում Ռուսաստանի եւ Եվրոպայի մերձեցում չի լինի: Սակայն ես տեսնում եմ, որ Ռուսաստանում հասունանում է այն կարծիքը, համաձայն որի առանց Եվրոպայի հնարավոր չէ: Ղրիմի անեքսիայից եւ 2014-2015թթ. Ուկրաինայի արեւելքում հակամարտությունից հետո Մոսկվային թվաց, թե կկարողանա հրաժարվել Եվրոպայից: Չինաստանն ավելի կարեւոր դաշնակից էր թվում: Սակայն հիմա նման կարծիք չի լսվում, քանի որ Չինաստանը քիչ հետաքրքրվածություն է ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ: Բացի այդ, Դոնալդ Թրամփի նոր աշխատակազմի հետ հարաբերություններն ավելի դժվարությամբ են կարգավորվում, քան սպասվում էր»,- ընդգծել է Բիլդտը:

«Սակայն չնայած այդ ամենին՝ Ռուսաստանը շարունակելու է փորձեր ձեռնարկել Եվրոպայի հասարակական կարծիքի վրա ազդելու համար՝ քարոզչությամբ եւ ստահոդ տեղեկատվությամբ: Բայց մենք Եվրոպայում դրան արդեն սովոր ենք: Դա նորություն չէ մեզ համար,- ավելացրել է նա: -Նորությունը միայն այն էր, որ նման քարոզչությունների համար սկսել են օգտագործել սոցիալական կայքերը: Սակայն ամեն դեպքում ես չեմ հավատում, որ նման հնարքներով հնարավոր է ազդել հասարակական կարծիքի վրա: Ես նույնիսկ կարծում եմ, որ դա անարդյունավետ է: Առավել եւս, որ եվրոպացիներն այժմ Ռուսաստանին ավելի վատ են վերաբերվում, քան մի քանի տարի առաջ»:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝