«Մեդվեդեւգեյթ». իշխանությունը դառնում է խոցելի

229977831

«Վլադիմիր Պուտինի՝ կաշառակերության մեջ մեղադրվող վարչապետը, ում հետ նա երկար տարիներ իշխանական զույգ է կազմել, հարցումների արդյունքում գրանցել է վստահության ցուցանիշի անկում», – գրում է Le Monde-ի թղթակից Իզաբել Մանդրոն:

«Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: «Լեւադա-կենտրոնի» անցկացրած հարցումների համաձայն, ռուսաստանցիների 52 տոկոսն այլեւս չի վստահում վարչապետին, հարցվածների 45 տոկոսը կողմ է նրա հեռանալուն, 33 տոկոսն ասել է, որ «հիմնականում չի վստահում» Մեդվեդեւին: Կրեմլում առաջանում է երկընտրանք. Մեդվեդեւի աջակցությունը սպառնում է անվստահության աճով, իսկ նրա փոփոխությունը կընկալվի որպես ընդդիմության հաղթանակ»,- նշում է լրագրողը:

«Վարչապետի ունեցվածքի վերաբերյալ տեսագրությունից եւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մանրամասն մեկնաբանությունից հետո երկրում սկսվեց «Մեդվեդեւգեյթը»: Ֆիլմը, որի դիտումների քանակն արդեն գերազանցում է 20 մլն.-ը, ոչ միայն վերջին տարիների ընթացքում Մոսկվայում եւ շրջաններում առավել նշանակալի փողոցային ցույցեր է հրահրել, այլեւ շարունակում է  թեժացնել ներքաղաքական ժամանակագրության հանդեպ հետաքրքրությունը»,- ասվում է հոդվածում:

«Արդեն մեկ տարի կառավարության հեղինակությունը եւ նրա հանդեպ վստահությունն անկում է ապրում, չկա ոչ մի հակաճգնաժամային ծրագիր, եւ կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքում»,- նշում է քաղաքագետ Կիրիլ Ռոգովը:

«Նա համարվում է իշխանության թույլ օղակը, եւ եթե նախկինում դեռ կար ինչ-որ պատրանք, որ նա կկարողանար փոխարինել Պուտինին, ապա այժմ դա արդեն անհնարին է»,- ընդգծում է Կարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը:

«Իր նախագահության սկզբին Մեդվեդեւն ուներ որոշակի վստահելիություն որպես արդիականացման գաղափարակիր՝ ի տարբերություն պուտինյան «ուժայինների»: Սակայն հիմա այդ կերպարն ամբողջովին անէացել է,- շարունակում է Կիրիլ Ռոգովը:- Նրա քաղաքական կշիռը չնչին է, եւ Կրեմլում առանձնապես չէին մտահոգվում այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ կառավարությունը չէր դարձել դժգոհությունների թիրախ»:

«Հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումները, որոնք ամեն շաբաթ անցկացնում է հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, ցույց են տալիս, որ բացասական ազդեցություն կա նաեւ Պուտինի վարկանիշի վրա: Զանգվածային ցույցերի հաջորդ օրը՝ մարտի 26-ին, նրա վստահության վարկանիշը 2014 թ.-ի փետրվարից հետո առաջին անգամ իջավ մինչեւ 50 տոկոս: Իշխանությունը դառնում է խոցելի»,- կարծում է Մանդրոն:

«Ներքին գործերի նախարարությունից զգուշացրել էին, որ «Надоел» կարգախոսով ցույցերը կհամարվեն անօրինական: Կազմակերպիչը՝ «Բաց Ռուսաստան» շարժումը, որը հիմնել է փախուստի դիմած օլիգարխ-ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկին, «անցանկալի կազմակերպություն» է համարվում, իսկ «Բաց Ռուսաստանի» մոսկովյան գրասենյակում տեղի է ունեցել խուզարկություն»,- եզրափակում է Le Monde-ի թղթակիցը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝