Թրամփի ճոռոմ արմատականությունը բախվեց իրականության հետ

tramp

«Նախագահության առաջին օրերին Դոնալդ Թրամփին խեղկատակ էին համարում: Ենթադրվում էր, որ նա հոգեբանորեն չի համապատասխանում նոր պաշտոնին, եւ երկրի ներսում կարձակի ազգայնամոլ չարքերի կապերը՝ փոխելով սահմանադրությունը եւ Ամերիկան վերածելով ֆաշիստական հակաուտոպիայի»,-The Times-ում գրում է Էդվարդ Լուկասը:

«Ենթադրվում էր, որ նա կչեղարկի տասնամյակներով պահպանված միջազգային պայմանագրերը եւ կսկսի առեւտրային պատերազմներ, ինչը տնտեսությունը կհասցնի դեպրեսիայի 1930-ականների ոճով: Սակայն Թրամփի կառավարման 100 օրերը ցույց տվեցին, որ այդ ենթադրությունները հիմնովին սխալ էին»,-նշվում է հոդվածում:

«Առայժմ նրա ծառայողական մատյանը բավականին համեստ է եւ ոչ առանց խոտանների: Մայքլ Ֆլինի նշանակումը, ով հետագայում պաշտոնանկ արվեց Ռուսաստանի հետ չբացահայտված կապերի պատճառով, մեծ սխալ էր: Սպիտակ տան ներքին վեճերն արգելակեցին հարյուրավոր կարեւոր պաշտոնյաների նշանակման գործընթացը: Սակայն ամերիկյան քաղաքական համակարգի համար թեթեւ կաթվածն անսովոր չէ. հարցրեք ցանկացած նախկին նախագահի: Թրամփի ճոռոմ արմատականությունը բախվեց իրականության հետ, եւ իրականությունը, մեծ հաշվով, հաղթեց»:

«Նա այլեւս ՆԱՏՕ-ին հնացած կազմակերպություն չի համարում: Նա այլեւս չի մտածում, որ Վլադիմիր Պուտինի հետ գործարքով կարող է համաշխարհային խնդիրներ լուծել: Նա այլեւս չի ցանկանում սկսել առեւտրային պատերազմներ»:

«Թրամփի հանրապետական աշխատակազմը զայրացնում է դեմոկրատներին: Վերջիններս իրավունք ունեն շարունակել իրենց կծու հեգնական քննադատությունները շրջակա միջավայրի եւ արհմիությունների հանդեպ Թրամփի վերաբերմունքի, խոշոր բիզնեսի հետ նրա ամուր կապերի, նեպոտիզմի՝ ընտանեվարության, շահերի բախումների համար:  Դեմոկրատները նաեւ կարող են որոշ ժամանակ հատկացնել իրենց պարտության պատճառների մասին մտորումներին: Նախագահության հաջորդ 1300 օրերը, ամենայն հավանականությամբ, նման կլինեն առաջին 100 օրերին, ինչպես նաեւ հաջորդող 4 տարիները, եթե Թրամփը վերընտրվի: Մենք պետք է կենտրոնանանք  նրա վրա, թե ինչ է անում նախագահը, այլ ոչ թե նրա, թե ինչ է նա ասում այդ մասին»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝