Արտասովոր կինը, ով դպրոցական տարիներից մինչ օրս Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կողքին է

Emmanuel-Macron-et-Brigitte-se-sont-offert-une-promenade-dans-Montmartre

«Եթե նրա ամուսինը զբաղեցնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, Բրիջիթ Մակրոնը կդառնա այդ երկրի պատմության ամենաարտասովոր «առաջին տիկինը»»,- Bloomberg-ում գրում է լրագրող Էլեն Ֆուկեն:  «Ֆրանսիացի նախագահների կանայք երբեք այնպիսի առանցքային դեր չեն ունեցել իրենց ամուսինների ձեւավորման գործում, ինչպես Բրիջիթը. նա 24 տարով մեծ է իր ամուսնուց, նա ճանապարհ է ցույց տալիս, խորհուրդներ տալիս Էմանուելին այն օրվանից, երբ լրացավ վերջինիս 15 տարին: Այժմ նա կարեւոր դերակատարում ունի իր ամուսնու նախընտրական արշավում. ելույթների, ճառերի հարցում աջակցում է իր առաջարկներով եւ փաստացիորեն օգնում է կազմել ընտրապայքարի ծրագիրը»:

«Էմանուել Մակրոնը չէր կարող ներքաշվել ընտրական այս արկածախնդրության մեջ, եթե չլիներ Բրիջիթը: Վերջինիս ներկայությունը շատ կարեւոր է ամուսնու համար»,-կարծիք է հայտնել Մակրոնի խորհրդականն ու նրանց հարսանիքի վկաներից մեկը՝ Մարկ Ֆերրաչչին:

«Նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակից հետո 39-ամյա Մակրոնը երախտագիտություն հայտնեց 63-ամյա Բրիջիթին»: «Առանց նրա ես չէի դառնա այն, ինչ կամ այսօր»,-հայտարարեց Էմանուելն այն պահին, երբ նրա կողմնակիցները վանկարկում էին Բրիջիթի անունը:

«Ֆրանսիացի միապետների բազմաթիվ կանանց անուններ գրվել են պատմության էջերում, ընդգծում է հեղինակը՝ հիշատակելով Մարիա-Անտուանետային եւ Ժոզեֆինային:- Իսկ 1914թ.-ին Ֆրանսիայի վարչապետի կինը՝ Հենրիետա Կայոն սպանեց Le Figaro թերթի խմբագրին, քանի որ, ըստ նրա, այդ մարդը քաղաքական իմաստով վտանգ էր ներկայացնում իր ամուսնու համար»:

«Էմանուելի եւ իր տիկնոջ տարիքային տարբերությունը նույնքան է, որքան Դոնալդ եւ Մելանյա Թրամփներինը՝ միայն թե փոխատեղված տարբերակով: Դա կարող է շեղել ուշադրությունն առավել կարեւոր հարցերից: Ֆրանսիայի նախագահը ստիպված կլինի աշխատել Brexit-ից եւ Թրամփի ընտրությունից հետո ձեւավորված նոր աշխարհում, այն իրավիճակում, երբ ֆրանսիական տնտեսությունը վերականգնվում է շատ դանդաղ, իսկ գործազրկության մակարդակը կազմում է 10%»,-գրում է հեղինակը:

Հեղինակը ներկայացնում է Բրիջիթի կենսագրության որոշ մանրամասներ. «նա ֆրանսերենի եւ լատիներենի ուսուցչուհի է եղել, շոկոլադի ֆաբրիկայի սեփականատիրոջ ազնվական ընտանիքից է: Մակրոնի հետ ծանոթացել է 1992թ.-ին, երբ նա 15 տարեկան դպրոցական էր: Հետզհետե նրանց շփումը վերածվել է սիրավեպի, ինչի պատճառով Բրիջիթը բաժանվել է ամուսնուց՝ իր 3 երեխաների հորից»:

«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Էմանուելը եւ Բրիջիթն ապրում են օրինական ամուսնական կյանքով: Նրանց արտասովոր միությունը մինչ օրս տարակուսանք է առաջացնում եւ անշուշտ հատուկ ուշադրության կարժանանա, եթե զույգը մուտք գործի Ելիսեյան պալատ»,-կարծում է հոդվածագիրը:

«Այժմ Մակրոն ամուսինները, գիտակցելով, որ խախտել են բուրժուական եւ պահպանողական Ֆրանսիայի վարքականոնը, պատրաստվում են կանխել հնարավոր վիրավորական հարձակումները: Մակրոնն արդեն 2 անգամ արձագանքել է սեռական փոքրամասնությանը պատկանելու՝ իրեն ուղղված անհարմար հարցերին, նա չի վախենում ուղղակի կերպով շոշափել «դպրոցականի թեման», ով ամուսնացել է իր ուսուցչուհու հետ»:

«Մեր ընտանիքը ստեղծված չէ դասական օրինակով, դա անվիճելի փաստ է, սակայն դա չի նշանակում, որ մեր ընտանիքում սերը քիչ է»,-ասել է Մակրոնը քաղաքական բանավեճերից մեկի ժամանակ:

«Բրիջիթն այն քչերից է, որոնց Էմանուելը վստահում է: Երբ նա էկոնոմիկայի նախարար էր, տիկինը միշտ ներկա էր լինում խորհրդակցություններին: Մակրոնն անգամ երդվել է, որ եթե զբաղեցնի նախագահի պաշտոնը, ապա իր կինը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ կստանա պաշտոնական հատուկ կարգավիճակ, սակայն աշխատավարձ չի ստանա»:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝