Ինչու՞ է դեռ Ֆրանսիայում իրավիճակն այդքան տագնապալի

Marine-Le-Pen-Emmanuel-Macron-786345

«Մակրոնն ընդդեմ Լը Պենի. Ֆրանսիան կանգնած է վճռական մենամարտի շեմին: Երկու շաբաթ հետո պարզ կդառնա, թե ով կփոխարինի հեռացող նախագահ Օլանդին՝  աշխարհի առջեւ բաց Էմանուել Մակրոնը՞, թե՞ Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու կողմնակից Մարին Լը Պենը, ով խոստացել է վերադարձնել ֆրանկը եւ կանգնեցնել ներգաղթյալների հոսքը»,- Tagesspiegel-ում գրում է Ալբրեխտ Մայերը:

«Ֆրանսիացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել բոլորովին տարբեր երկու թեկնածուների միջեւ: Լիբերալ-սոցիալիստն իր երկրի ճակատագիրը կապում է Եվրամիության հետ, իսկ ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատի» նախագահը քարոզում է Թրամփի քաղաքականության իր տարբերակը»:

«Հարցումների արդյունքներով կանխատեսվում է Մակրոնի վճռական հաղթանակը, սակայն ժամանակից առաջ չպետք է ընկնել: Վերջին նախընտրական թափավազքի ժամանակ Լը Պենը կարող է բացել իր բոլոր խաղաքարտերը, որպեսզի շրջանցի Մակրոնին: Լը Պենը կփորձի իր մրցակցին ներկայացնել որպես իրականությունից կտրված քաղաքական կաստայի թեկնածու»,- նշում է Մայերը:

«Սակայն անգամ Մակրոնի հաղթանակից հետո Ֆրանսիայի քաղաքական իրավիճակը մտահոգությունների տեղիք կտա: Այն փաստը, որ Մարին Լը Պենը հասավ իր նպատակին՝ մասնակցելով ընտրությունների 2-րդ փուլին, վկայում է, որ ֆրանսիացիների շրջանում կտրուկ աճել է ծայրահեղ աջակողմյանների համակիրների թիվն այն օրվանից, երբ 2011թ.-ին Լը Պենը գլխավորեց կուսակցությունը: Ֆրանսիայի եվրոպացի գործընկերների համար տագնապի ազդակ է նաեւ այն փաստը, որ լուրջ հաջողություններ արձանագրեց նաեւ աջակողմյան պոպուլիստական շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը, ով նույնպես ԵՄ կազմից Ֆրանսիայի դուրս գալու կողմնակից է»:

«Կարեւոր չէ, թե ով կհաղթի 2-րդ փուլում: Առավել տհաճ է այն, որ  Եվրամիության հանդեպ ֆրանսիացիների բացասական տրամադրվածությունը շուտ չի վերանա: Եթե Մակրոնն ընտրվի նախագահ, նրա ուսերին ծանր բեռ կընկնի: Նա պետք է իր քաղաքացիներին հաշտեցնի Եվրամիության հետ, սակայն նախեւառաջ դեռ պետք է հաղթահարի Մարին Լը Պենի արգելքը»,-եզրափակում է հոդվածագիրը:

 Աղբյուր՝  Tagesspiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝