Երբ խալիֆն է ընտրում նոր նախագահին…

paris_on_the_champs_elysees_01

«Ֆրանսիայի նախագահական ընտրությունները խոստանում են լինել դրամատիկ: Ելիսեյան պալատի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունն ազդանշան է, որ «Իսլամական պետությունը» մտադիր է սկսել ահաբեկչական հարձակումներ եւ ընտրությունների նախօրեին, եւ ընտրությունների ժամանակ, որի առաջին փուլը կկայանա այս կիրակի, իսկ երկրորդը՝ մայիսի 7-ին»,- գրում է իտալական La Repubblica-ի ֆրանսիական գրասենյակի ղեկավար Բերնարդո Վալին: Ինչպես նշում է հեղինակը, եթե 11 թեկնածուներից որեւէ մեկն ի վիճակի չլինի անարգել իրականացնել քաղաքական գործունեություն որպես երկրի բարձրագույն պաշտոնի թեկնածու, ապա ընտրությունները կդադարեցվեն:

«Ելիսեյան պալատի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունն արդեն արմատապես փոխում է իրավիճակը: Երկրին, որը գտնվում է անորոշության մեջ, հարված է հասցվել, եւ դա կազդի քվեարկության վրա,- ասվում է հոդվածում: – Համընդհանուր ցասումը շահեկան կլինի թեկնածուների համար, ովքեր առավել անողոք են ահաբեկչության նկատմամբ եւ այն ամենի, ինչը թվում է դրա մի մասը՝ ներգաղթյալների ընդհանուր առմամբ եւ փախստականների մասնավորապես»:

«Ոստիկանների վրա հարձակումը եւ սպանությունը ռիսկի է ենթարկում փոխելու կանխատեսումները՝ հիմնված վերջին հարցումների վրա: Թվում էր, թե Մարին Լը Պենը բարդ իրավիճակում է, նրա վիրտուալ վարկանիշն ավելի ցածր էր, քան Էմանուել Մակրոնինը: Սակայն, արյունը, որը հեղվել է Հաղթակամարից երկու քայլ հեռավորության վրա, նպաստում է «Ազգային ճակատի» եւ աջակողմյանների թեկնածուի կոշտ ուղեգծին»,- կարծում է Վալին:

«Սիրիայում եւ Իրաքում մարտի դաշտում ունեցած խնդիրների պատճառով «Իսլամական պետությունը» կենտրոնացնում է իր մարդկանց Եվրոպայի սրտում եւ հատկապես Ֆրանսիայում, որտեղ ծավալուն մահմեդական համայնքը կարող է մատակարարել երիտասարդների, ովքեր պատրաստ են կամիկաձեներ դառնալ»,- գրում է հեղինակը:

«Բջիջը, որը գործել է Ելիսեյան պալատում, ըստ երեւույթին, հենց այն նույն տիպի է, ինչ որ «Բատակլանի» ահաբեկիչները: Նրանք նախապատրաստված մարդիկ էին, եւ պատրաստ են գործի անցնելու նախագահական ընտրություններին: Քվեարկությունը խոստանում է լինել անորոշ եւ դրամատիկ»,- եզրափակում է լրագրողը:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝