Պուտինն աստիճանաբար զատում է անջատողական տարածքներն Ուկրաինայից, քանի դեռ ԱՄՆ-ն վարանում է

146641

«Վլադիմիր Պուտինն օգտագործում է ԱՄՆ-ի անկանոն ազդակները, որպեսզի աստիճանաբար ամրապնդի ռուսաստանյան վերահսկողությունն Ուկրաինայի երկու անջատողական տարածքների նկատմամբ՝ այդ կերպ թաղելով Եվրոպայի միջամտությամբ ձեռք բերված խաղաղ համաձայնության եւ մոտ ապագայում պատժամիջոցներից ձերբազատվելու հույսերը»,- գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը:

«Ռուսաստանն աստիճանաբար է գործում՝ օգտագործելով ուկրաինացի ակտիվիստների կողմից Դոնբասի շրջափակումը որպես քաղաքական ծածկ, որպեսզի իր վերահսկողության տակ վերցնի անջատողական տարածքների առանցքային տնտեսական կապերը»:

«Քայլ է կատարվել Դունբասը զատորոշելու, դրանում կասկած չկա»,- գործակալությանը հայտնել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: «Ինչպես մյուս պաշտոնյաները, Զատուլինը նույնպես Ուկրաինային մեղադրում է նրանում, որ այյդ երկիրը դրդում է Մոսկվային իր շրջափակումով. Կիեւն այդ մեղադրանքները հերքում է»,- ասվում է հոդվածում:

Ինչպես հիշեցնում է Bloomberg-ը, այս տարի ավելի վաղ Պուտինը հրաման էր ստորագրել ճանաչել ապստամբական Լուգանսկի եւ Դոնեցկի կողմից տրված անձնագրերը եւ այլ փաստաթղթերը: «Կրեմլը մտադիր է նաեւ հեշտացնել Դոնբասի երկու միլիոն բնակչության՝ ռուսաստանյան անձնագիր ձեռք բերելու գործընթացը, ինչը չափազանց կբարդացնի Կիեւի՝ այդ տարածքների վրա վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ»,- ասվում է հոդվածում:

«Պորոշենկոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւի կարծիքով, Մոսկվան իրականացնում է «Մերձդնեստրյան սցենարը»: Դոնալդ Թրամփի աշխատակազմը խառը ազդակներ է ուղարկում իր դիրքորոշման վերաբերյալ եւ բավական անտարբեր է ուկրաինական հակամարտության նկատմամբ: Թրամփը չի պարզաբանել իր դիրքորոշումը, եւ Սպիտակ տունը, ինչպես թվում է, կենտրոնացած է այն հարցերի շուրջ, որոնք առավել անհետաձգելի են, ինչպես Սիրիան եւ Հյուսիսային Կորեան»:

«Պուտինի ռազմավարությունն իր մեջ ներառում է ազդեցության լծակների մշակումը, որոնք կօգտագործվեն, որպեսզի ամրապնդվի Կրեմլի վերահսկողությունը Դոնբասում կարճ ժամանակահատվածում»,- գրում է գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում գտնվող երկու արեւմտյան դիվանագետների:

«Դոնբասն ընթանում է սառեցված հակամարտության ուղղությամբ, որը կարող է տեւել տասնամյակներ: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի ձեռքերը կապված են: Ներքին հակառակորդները թույլ չեն տալիս Պորոշենկոյին ավելի ընդարձակ ինքնավարություն սահմանել անջատողական տարածքներում: Դա թույլ է տալիս Ռուսաստանին վերահսկողություն սահմանել այդ երկու հանրապետություններում»,- գրում է պարբերականը:

Աղբյուր՝ Bloomberg

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝