Վրիժառու սուլթանը դառնում է ամենակարող. ինչի՞ց պետք է զգուշանան Էրդողանի հակառակորդները

3F4B921000000578-4416464-A_Yes_vote_would_replace_Turkey_s_parliamentary_democracy_with_a-a-55_1492387475501

«Պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիայի նախագահը ցույց տվեց, թե որքան անողոք կարող է լինել իր հակառակորդների նկատմամբ: Հիմա սահմանադրական փոփոխություններից հետո պառակտված երկրի ֆոնին նրա ձեռքերում ավելի շատ իշխանություն կկենտրոնանա»,- գրում է գերմանական Focus թերթի թղթակից Ուլֆ Լյուդեկեն: Նրա զրուցակից, Թուրքիայի հարցերով փորձագետ Ուդո Շթայնբախի կարծիքով, Էրդողանի հակառակորդներին դժվարին ժամանակներ են սպասվում: «Այս մասին վկայում է նախագահի հայտարարությունն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը սահմանվել էր հանրաքվեից անմիջապես հետո»:

Փորձագետը կարծում է, որ ապագայում նույնպես Էրդողանը կշարունակի պետական ծառայության աշխատակիցների պաշտոնանկությունը որպես անհարմար քաղաքական ընդդիմադիրներից ազատվելու միջոց, անցանկալի թեկնածուների համար անհասանելի կլինեն որոշակի աշխատատեղեր եւ մասնագիտություններ:

«Շուրջ 40 հազար թուրքեր, ըստ տարբեր տեղեկությունների, մինչեւ հիմա գտնվում են բանտերում՝ դատական գործընթացին սպասելով, նրանք մեղադրվում են հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ: Էրդողանը կարող է նախաձեռնել ձերբակալությունների նոր ալիք»: «Տեղեկությունները, որոնք վերջին օրերին մենք ստանում ենք լրագրողներից եւ ընդդիմության ներկայացուցիչներից, ովքեր խոսում են հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած մանիպուլյացիաների մասին, լուրջ մտահոգություն են առաջացնում: Շատերն են գտնվում անմիջական վտանգի մեջ: Բռնաճնշումները կլինեն այնքան զանգվածային, որքան ընդդիմությունն ակտիվորեն կհայտնի հանրաքվեին տեղի ունեցած խախտումների մասին»,-նշում է փորձագետը:

Մեկնաբանելով նախագահի վերջին հայտարարությունները՝ կապված մահապատիժը վերականգնելու հետ, Շթայնբախն ընդգծում է, որ հաշվի առնելով Էրդողանի կամայական վերաբերմունքը քաղբանտարկյալների նկատմամբ, հավանական է դառնում մահապատժի վերադարձը:

«Էրդողանն այլեւս ետ չի կանգնի Թուրքիայում սահմանած ավտորիտար նախագահական համակարգից: 2016-ին նրան հաջողվեց կանխել հեղաշրջումը, եւ մինչեւ հիմա նա անամոթաբար վրեժ է լուծում նրանցից, ովքեր չեն կիսում իր հայացքները»:

«Հանրաքվեի ընթացքում ընտրողների 48,6%-ն ասել է «ոչ»՝ դրանով դեմ կանգնելով նախագահի իշխանության ընդլայնմանը: Սպառնո՞ւմ են արդյոք նրանց բռնաճնշումներ»,-  հարցնում է Focus-ի թղթակիցը: «Հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած մանիպուլյացիաների վերաբերյալ մեղադրանքներն Էրդողանն ընկալելու է որպես հարձակում սեփական աշխարհի վրա՝ ներկայացնելով այն որպես հարձակում ամբողջ իսլամական կարգուկանոնի վրա»,- մեկնաբանում է փորձագետը:

«Թուրքական հասարակության պառակտումն ավելի ակնհայտ կդառնա: Առայժմ, փորձագետի կարծիքով, պատճառ չկա խոսելու Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սպառնալիքի մասին: Սակայն այսօրվա բռնաճնշումները, հանրաքվեն եւ արդյունքները կեղծելու դեմ ցույցերը չափազանց վտանգավոր են, իսկ եթե ամեն ինչ ընթանա բացասական սցենարով, ապա կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի»:

Աղբյուր՝ Focus

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝