«Սա աղետ է Արեւմուտքի համար. Էրդողանը միացավ Պուտինին որպես եւս մեկ ավտորիտար առաջնորդ»

erdog

«Բռնապետ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աննախադեպ նոր լիազորություններ շնորհելու թուրք ընտրողների որոշումը եւ երկիրն ընտրովի բռնապետության վերածելն աղետ է Արեւմուտքի համար»,- բրիտանական The Daily Mail թերթում գրում է հայտնի անգլիացի լրագրող Օուեն Մեթյուզը: Հեղինակի խոսքերով՝ «Էրդողանը փաստացիորեն միացավ Պուտինին որպես եւս մեկ ավտորիտար առաջնորդ Եվրոպայի արեւելյան սահմաններին»:

«Դա նշանավորեց ԵՄ-ի շրջադարձային ձախողումը, որը տարիներ շարունակ մասնակցում էր Թուրքիային ԵՄ անդամ դարձնելու բանակցություններին, իսկ արդյունքում հետեւում է, թե ինչպես երկիրը կրկին գլորվում է բռնաճնշումների եւ բռնապետության անդունդը»,- կարծում է լրագրողը:

«Սա աղետալի է նաեւ համաշխարհային կայունության համար,- շարունակում է հեղինակը: -Եթե Թուրքիային չհաջողվի դառնալ գործող ժողովրդավարական երկիր, ապա տարածաշրջանի հետ այլեւս չպետք է հույսեր կապել: Այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում, Էրդողանը նույնպես կօգտվի ազգային անվտանգությունից որպես արդարացում դաժան մեթոդների՝ կիրառած ոչ միայն ահաբեկիչների, այլեւ խոսքի ազատության եւ քաղաքական ընդդիմախոսների դեմ»,- ասվում է հոդվածում:

Նախագահ Էրդողանը, Մեթյուզի կարծիքով, «պահպանում է իր ազդեցությունը շնորհիվ լրատվամիջոցների նկատմամբ դաժան վերահսկողության: Եվ չնայած նա ամբողջությամբ չի փակել ռադիոյի եւ հեռուստատեսությունների «թթվածինը», ի տարբերություն ռուսաստանցի իր ընկերոջ եւ դաշնակցի, թուրք դատավորները հաջողությամբ լուծարել են շատ ընդդիմադիր խմբագրություններ եւ հեռուստաալիքներ»:

«Քաոսի մասին նախազգուշացումները եւ ազգային մեծությունը վերադարձնելու խոստումներն Էրդողանի եւ Պուտինի ընդհանուր թեմաներն են: Սակայն, այն դեպքում, երբ Էրդողանի կայսերական տեսլականը դրական արձագանք ունեցավ իր ներքին լսարանի մոտ,  նրա ագրեսիվությունն անխուսափելի դարձրեց բախումը Եվրոպայի հետ: Չնայած դեռ Թուրքիան համարվում է ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական թեկնածու, Էրդողանը ձեռք բերեց մեծ քաղաքական համբավ՝ վիճելով Բրյուսելի հետ, այլ ոչ թե ձգտելով բարեփոխումներ իրականացնել, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ին անդամակցելու համար»:

«Էրդողանը կարող է վերահսկել փախստականների հոսքն իր կամայական մոտեցմամբ, դրանով նա Եվրոպային դեմ է տվել պատին, ահա թե ինչու է ԵՄ-ն առաջարկել թուրքերին առանց մուտքի վիզայի Եվրոպա մեկնելու հնարավորություն, փոխարենը Թուրքիան պետք է արգելափակի Էգեյան ծովով փախստականների տեղափոխումը»,- մեկնաբանում է Մեթյուզը:

«Եվրոպացի առաջնորդները, նույնիսկ ուղղամիտ Մերկելը, ով Ղրիմի անեքսիայից հետո չվարանեց Գերմանիայի տնտեսական վնասների գնով Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել,  Էրդողանի օրոք մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պահպանել են խայտառակ լռություն: Պարզապես փախստականների նոր հոսքի սպառնալիքը չափազանց վտանգավոր է իրենց նոր քաղաքական ծրագրի համար, ինչպես նաեւ հակաեվրոպական տրամադրությունների նոր ալիք հրահրելու ռիսկը մայրցամաքում՝ սկսած Ֆրանսիայից մինչեւ Հունգարիա, ինչը կարող է խորտակել ամբողջ ԵՄ-ը»:

«Իր վերջին ցույցերից մեկի ժամանակ Էրդողանն ասել է, որ «այո»-ի հաղթանակը դաս կլինի Արեւմուտքի համար: Եվ դա իրականում շատ խայտառակ դաս է, թե ինչպես Արեւմուտքը չկարողացավ կանխել իսլամական աշխարհի ամենածաղկող եւ ժողովրդավար երկրի վերադարձը դեպի բռնապետություն»:

Աղբյուր՝ The Daily Mail

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝