Թուրքիայի առջեւ Եվրամիության դռները փակ են

Без названия

«Գերմանացի քաղաքական գործիչները տարբեր կերպ արձագանքեցին Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքներին: Եթե դաշնային կառավարությունը բավականին զուսպ արձագանքեց, ապա իշխող կոալիցիայի պատգամավորները կոշտ հռետորաբանություն ընտրեցին»,-գրում է Der Spiegel-ի հոդվածագիրը:

«Թուրքական հանրաքվեն թեժացրեց Թուրքիայի՝ Եվրամիություն մուտք գործելու վերաբերյալ բանավեճերը: Օրինակ, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը կարծում է, որ դա դեռ հնարավոր է, սակայն եթե Էրդողանը վերականգնի մահապատիժը, դա կլինի նրա եվրոպական երազանքի վերջը: Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը հանդես է եկել Թուրքիայի հետ բանակցությունները չեղարկելու առաջարկով, սակայն դրանք վերականգնելու նախապայմաններով»:

«Սակայն Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների ոչ բոլոր ներկայացուցիչներն են դիմել նման դիվանագիտական տերմինաբանությանը: Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օպերմանը նշել է, որ հանրաքվեն վատ արդյունք ունեցավ եւ Եվրոպայի, եւ Թուրքիայի համար: Հեղաշրջման անհաջող փորձից հետո իր քաղաքական հակառակորդների դեմ գործողություններով Էրդողանը հրաժեշտ տվեց Եվրոպայի օժանդակությանը: Իսկ հանրաքվեն նրան ավելի շատ բռնատիրական միանձնյա իշխանություն տվեց»

«Այսուհետ Եվրամիության դռները վերջնականապես փակ են, եւ եվրոպական չափանիշներին մերձենալու համար Թուրքիային ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն այլեւս չկա»,-հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Յուլիա Կլեկները: Ազատ դեմոկրատների առաջնորդ Քրիստիան Լինդները նույնպես կարծում է, որ նման սահմանադրություն ունեցող երկիրն անշուշտ հակասության մեջ կլինի եվրոպական արժեքների հետ»:

«Իրենց հերթին Գերմանիայի «Ձախերը» եւ «Կանաչները» պահանջել են վերանայել ռազմական ոլորտում Թուրքիայի հետ համագործակցությունը: Նրանց կարծիքով, անհրաժեշտ է թուրքական Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել բոլոր գերմանացի զինվորականներին եւ դադարեցնել զենք-զինամթերքի մատակարարումը ՆԱՏՕ-ի այդ գործընկերոջը»,-գրում է Der Spiegel-ը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝