Պուտինն իր շրջապատից ավելի շատ է վախենում, քան որեւէ բողոքի ակցիայից

vladimir_putin_and_former_president_dmitry_medvedev_at_inauguration_ceremony

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով 15 օրով կալանավորվել էր մարտին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո, գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում հայտնել է, որ կոռուպցիայի դեմ անցկացված այդ ցույցերին երիտասարդությունը մասնակցել է աղքատության պատճառով:

«Երիտասարդները փողոցներ էին դուրս եկել աղքատության պատճառով: Կենսամակարդակն անկում է ապրում արդեն 5 տարի անընդմեջ: Ինչ վերաբերում է վարչապետ Մեդվեդեւի դեմ հնչեցված մեղադրանքներից հետո նրա արձագանքին, ապա դա կարելի է բնորոշել միայն որպես «ողորմելի, խղճուկ պատասխան»: Մեդվեդեւը սպասեց մի ամբողջ ամիս, եւ այն ամենն ինչ ծագեց նրա գլխում, դա «կոմպոտ» բառն էր: Ամենայն հավանականությամբ նա մեկ շաբաթ կոնծելով էր զբաղված, քանի որ համապատասխան տեսք ուներ: Մեդվեդեւի քաղաքական հեռանկարին մեծ վնաս է հասցվել»,-հայտարարել է Նավալնին:

Ալեքսեյ Նավալնի

Ալեքսեյ Նավալնի

Հարցին, թե ինչ պատճառով է ձերբակալվում արդեն 5-րդ ռուսաստանցի նահանգապետը, Նավալնին պատասխանել է. «Պուտինը տեռորի է ենթարկում սեփական էլիտային: Նա իր շրջապատից վախենում է ավելի շատ, քան որեւէ բողոքի ակցիայից: Չէ՞ որ այնտեղ այնպիսի մարդիկ կան, ովքեր նույնքան քննադատաբար են տրամադրված, որքան՝ ես: Նրանք ամեն ինչ ներսից են տեսնում, որ համակարգն իր գործառույթները չի իրականացնում: Դրա համար էլ Պուտինը բոլորին ստիպում է լռել»:

«Պուտինը ցանկանում է ցար հռչակվել իր ստեղծած ռուսաստանյան կայսրությունում: Նա տարված է այդ գաղափարով եւ հենց այդ պատճառով է թեկնածությունն առաջադրել 2018թ.-ի ընտրություններին: Այժմ Կրեմլում մեծամասնությունը դեմ է հանդես գալիս իմ թեկնածությունն առաջադրելուն: Նրանք ասում են՝ սատանան գիտի, թե ինչ արդյունքներ կլինեն ընտրություններին: Ընդհանրապես, արդեն 17 տարի ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունենում նույն կաղապարով. ոչ ոք չի քննադատում Պուտինին եւ ոչ մեկը չունի իրական նախընտրական ծրագիր: Արդյունքում Կրեմլը Պուտինի բոլոր այլընտրանքներն արգելափակում է: Նա չի ուզում թեկնածուներ, ովքեր կանցնեն երկրով մեկ եւ բարձրաձայն կխոսեն Ռուսաստանի խնդիրների մասին»,-եզրափակել է Նավալնին:

Աղբյուր՝  Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝