Թրամփի աշխարհն անընդհատ գունափոխվում է

03202339

«Նախագահ Թրամփի աշխարհը միանշանակ նման չէ թեկնածու Թրամփի աշխարհին: Հավանաբար, նախընտրական խոստումների ճակատագիրն է այդպիսին, նրա, ով խաղադրույք էր կատարել ավելի շատ իր բնազդի, քան աշխարհաքաղաքական հնարքների գիտության վրա»,- գրում է Վաշինգտոնում Le Figaro-ի թղթակից Ֆիլիպ Ժելին:

«Անհասկանալի է՝ ինչն է ավելի շատ՝ պարզամտությո՞ւնը, թե՞ սնապարծությունը, երբ Թրամփը հայտարարում էր, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները գտնվում են պատմական ցածր մակարդակի վրա: Ապշեցուցիչ է այն մարդու համար, ով լուրջ տպավորություն էր թողել՝ հայտարարելով, որ ցանկանում է կառուցողական գործընկերություն հաստատել Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հոդվածում:

«Ըստ ամերիկացի նախագահի, ՆԱՏՕ-ն այլեւս հնացած կազմակերպություն չէ: Չինաստանը, որի հետ նա առեւտրային պատերազմ էր սկսելու, հանկարծ դարձավ «օրինակելի աշակերտ» հանգստյան օրերից հետո, որոնք Թրամփն անցկացրել էր նախագահ Սի Ցզինպինի հետ Ֆլորիդայում»:

«Ոմանք այդ հուսադրող նշանի տակ տեսնում են վերադարձ դեպի իրականություն կառավարությունում «սթափ ուղեղների» ազդեցության տակ: Մատնանշում են Ջարեդ Քուշներին՝ ազդեցիկ փեսային եւ հրամանատարներից ու գործարարներից կազմված նրա կոալիցիային»,- շարունակում է Ժելին:

«Նա տեսաբան չէ եւ իրերին նայում է ռացիոնալ տեսանկյունից,- բացատրում է Սպիտակ տան պատասխանատու աշխատակիցներից մեկը: -Նախագահն այն մարդկանցից է, ով տեսնում է հնարավորություններ այնտեղ, որտեղ շատերը տեսնում են դժվարություններ: Նրա անկայունությունն արդարացված է ամենից առաջ շահերով, որոնք նա հույս ունի ստանալ: Թրամփը «գլխավոր բանակցողն» է, եւ նրա հիմնական խոստումներն այն են, որ ամերիկացիները ստանան եկամուտներ ամենալավ գործարքներից»:

«Դատելով ամեն ինչից, դաշինքների առումով եւ Թրամփի օրոք ուժերի փորձարկումից, սլաքը միշտ լինելու է շարժման մեջ: Սիրիայի հարցով նրա աշխատակազմը վերջին երեք շաբաթվա ընթացքում  ուրվագծել է առնվազն 5 տարբեր դիրքորոշումներ: Նրա՝ Ռուսաստանը հեռավորության վրա պահելու այսօրվա հակումը բացատրվում է հիմնականում այն հետաքննություններով, որոնք անցկացնում են ՀԴԲ-ն եւ Կոնգրեսը՝ կապված նախագահական արշավի եւ Կրեմլի միջեւ գաղտնի կապերի հետ: Սակայն այդ գործում դեռ ոչինչ չի արձանագրվել»: «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն: Անհրաժեշտ պահին ամեն ինչ  կկարգավորվի, եւ մենք կունենանք ամուր խաղաղություն»,- գրել է Թրամփը Թվիթթերի իր էջում:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝