Թրամփ եւ Պուտին. լավագույն թշնամիները

_92432756_putin_trump_getty

«Ներքաղաքական հաշվարկն ազդում է Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի վրա: Վլադիմիր Պուտինն ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին վերջին պահին՝ սպասեցնելով նրան, եւ դա ցուցադրական ժեստ էր»,- ավստրիական  Der Standard-ում գրում է Ալեքսանդրա Շմիդը:

«Այն, որ Թիլերսոնը ստիպված էր սպասել, նվաստացուցիչ էր այն մարդու համար, ում Պուտինն անձամբ 2013թ.-ին հանձնեց Բարեկամության շքանշան: Exxon-Mobil-ի նախկին ղեկավարին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի նշանակումը ողջունելի էր Ռուսաստանում նույնքան, որքան Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններին, սակայն հենց նրան էր ուղղված Ռուսաստանի նախագահի անհարգալից վերաբերմունքը,- գրում է լրագրողը,- ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիաբազաների ուղղությամբ արձակած 59 հրթիռները փշրեցին Ռուսաստանի նախագահի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հույսերը»:

«Պատահական չէ, որ Պուտինի հետ հարցազրույցը հրապարակվել էր այն ժամանակ, երբ Թիլերսոնն արդեն գտնվում էր Մոսկվայում: Ամերիկացիների հետ համագործակցության հեռանկարները, հատկապես ռազմական ոլորտում, ոչ միայն չկարգավորվեցին, այլեւ ավելի վատացան, նկատել է Պուտինը: Նա համառորեն պաշտպանել է սիրիական վարչակարգին քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներից եւ նշել է, որ ամերիկացիները խախտել են միջազգային իրավունքի նորմերը»,- ասվում է հոդվածում:

«Պուտինը քննադատել է նաեւ ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք աջակցել են Սպիտակ տան որոշմանը՝ սիրիական ավիաբազաների ուղղությամբ հրթիռային հարվածների առումով: «Չինական «բոլվանչիկների» նման բոլորը գլուխներն են տմբտմբացնում»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

«Ամենայն հավանականությամբ Պուտինն ամեն դեպքում դեռ ցանկանում է սպասել, թե ինչպես է գծագրվելու Թրամփի արտաքին քաղաքականության ընթացքը: Սիրիայում ռազմական գործողություններով եւ Հյուսիսային Կորեայի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով Թրամփն ընդամենը դրոշներ խփեց, սակայն հայեցակարգ դա չի կարելի անվանել: Մոսկվայի հետ հարաբերություններում շարունակում է գերակշռել անորոշությունը: Դեռ հիշողություններում թարմ են Թրամփի նախընտրական հայտարարությունները: Նաեւ շարունակվում են այն խոսակցությունները, իբր Թրամփի վրա ճնշում են գործադրում նրա ռուսաստանյան կապերի պատճառով: Երեւում է՝ ավանդական դիմակայությունը շարունակվելու է, եւ Պուտինն ու Թրամփը երբեք լավ ընկերներ չեն լինի»,- գրում է Շմիդը:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝