Չպետք է մոռանալ, որ Սիրիայում երկու պատերազմ է ընթանում

1024122883

«Դեռեւս մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նոր նախագահը կարծում էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անհրաժեշտ է քաղաքական որոշման համար, որը վաղ թե ուշ վերջ է դնելու Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին»,- Corriere della Sera-ում գրում է դիվանագետ, պատմաբան եւ գրող Սերջո Ռոմանոն: «Հիմա Վաշինգտոնի կարծիքը փոխվել է եւ Ասադի նախագահության շրջանը, ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, մոտենում է ավարտին»,- նշում է հեղինակը:

«Չի բացառվում, որ այդ գիծը կփոխվի, այդպես արդեն եղել է,- նշում է Ռոմանոն: -Սակայն Խան-Շեյխուն քաղաքի վրա տեղի ունեցած քիմիական հարձակումը եւ դրանից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփի արտահայտած զայրույթը նման հեռանկարն անհնար են դարձնում, ամեն դեպքում, առայժմ»:

Սերջո Ռոմանո

«Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Ասադին, սակայն, հնարավոր է, որ ստիպված լինի զոհաբերել տարածաշրջանում իր միակ դաշնակցին: Եթե Ասադին ստիպեն հեռանալ, ապա նա կմիանա արաբ ավտորիտար առաջնորդների մեծաթիվ խմբին, ովքեր 2003-2011թթ.-ին կորցրել են իշխանությունը,- գրում է Ռոմանոն:

«Սիրիայում ընթանում է երկու պատերազմ: Առաջինը քաղաքական եւ սոցիալականն է, իսկ երկրորդն ամենավտանգավորն ու արյունալին է. դա շիաների եւ սունիների առճակատումն է, որոնք իսլամի երկու հիմնական կրոնական ուղղություններն են: Այդ հակամարտության հետեւանքները քաոսային են: Իրանը եւ «Հըզբալլահ»-ը շիաներ են եւ վճռականորեն պաշտպանում են իրենց «զարմիկներին»՝ ալավիներին՝ Ասադի կողմնակիցներին: Իրենց հերթին, սունիները, ովքեր կռվում են Ասադի դեմ, աջակցում են իրենց հավատակիցներին Պարսից ծոցում, նույնիսկ եթե նրանք պատկանում են ջիհադիստական խմբավորումներին եւ ուղղակիորեն «Իսլամական պետությանը»»:

«Այս պատերազմում արեւմտյան ժողովրդավարները կարող են ջանքեր գործադրել Ասադին հեռացնելու համար՝ նրան զրկելով որեւէ միջազգային ճանաչումից կամ էլ նրանց հասցնելով լուրջ ռազմական հարված, ինչպես վարվեց Ամերիկան որպես պատասխան նրա գործողություններին: Սակայն այդպես նրանք ռիսկի են դիմում աջակցել ԻՊ-ին, որոնց դեմ Մոսուլում պայքարում է իրաքյան շիական բանակն ԱՄՆ-ի աջակցությամբ»:

«Միակ միջոցն այս խճճված իրավիճակից դուրս գալու համար այն է՝ որոշել, թե որ թշնամին է առավել վտանգավոր՝ Ասա՞դը, թե՞ մոլեռանդ արմատական իսլամիզմը,- պնդում է դիվանագետը: -Ռուսաստանն առանց վարանելու կատարել է ընտրությունը, քանի որ այդ երկիրը ցանկանում է պահպանել իր ռազմաբազաները, նրան պետք է իր երկրում հակազդել իսլամիզմին, եւ նա ունի առաջնորդ, ով կարող է թելադրել իր ուղին: Միեւնույն ժամանակ արեւմտյան ժողովրդավարները պետք է հաշվետու լինեն իրենց գործողությունների համար եւ հետեւեն ընտրողների տրամադրությանը: Սակայն, եթե նրանք որոշել են, որ Ասադի հեռացումը պարտադիր պայման է, պետք է գոնե նախապատրաստվեն նրան, թե ինչ կարող է լինել Սիրիայում հաջորդ օրը: Եվրոպացիները չպետք է մոռանան հատկապես այն, որ Միջերկրածովյան տարածաշրջանն իրենց տունն է, այլ ոչ թե ամերիկացիներինը»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝