Ասադի հետ բարեկամությունը թանկ կարժենա Պուտինին

151021151317_putin_asad_624x415_rianovosti

«Մինչ վերջերս Վլադիմիր Պուտինի բախտը բերում էր սիրիական քաղաքականության մեջ, սակայն նախորդ շաբաթվա իրադարձությունները ցույց տվեցին, որ խաղաքարտերը պետք է կրկին խառնել»,-գրում է Յուլիա Սմիռնովան գերմանական Die Welt պարբերականում:

«Ռուսաստանին եւ Իրանին հաջողվեց ամրապնդել Ասադի վարչակազմի դիրքերը: Ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով Մոսկվան ռմբակոծում էր բոլոր ապստամբների դիրքերը, որոնք մարտնչում էին կառավարական զորքերի դեմ, եւ ոչ ոք չէր կարողանում դրա դեմն առնել:  Ռուսաստանը նաեւ դիվանագիտական հաջողություններ արձանագրեց: Թվում էր, թե ԱՄՆ-ն եւ մյուս երկրներն ավելի շատ հակված էին Ասադի վարչակազմին ընդգրկելու Սիրիայի հակամարտության կարգավորման ապագայի մեջ: Դեռեւս 2015թ.-ի աշնանը Բարակ Օբաման հայտնել էր, որ Վաշինգտոնը չի պնդելու Ասադի անհապաղ հեռացման հարցը»:

«Մոսկվան ակնկալում էր, որ ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը եւս կպահպանի նախկին ուղեգիծը եւ առաջնահերթություն կտա ահաբեկչության դեմ համատեղ պայքարին: Եվ մինչ վերջերս այդ ծրագիրն աշխատում էր: Սակայն ամեն ինչ փոխվեց Խան-Շեյխուն քաղաքում իրականացված գազային հարձակումից հետո»:

«Ամերիկացի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրեց ռազմական հանցագործությանը մեղսակցություն ունենալու մեջ: Իր ռուսաստանյան այցը չեղարկեց  Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Արդյունքում, ամբողջ աշխարհին պարզ դարձավ, որ Մոսկվան աջակցում է դահիճին»,-գրում է հեղինակը:

«Միեւնույն ժամանակ, ամերիկյան հրթիռային հարվածները ցույց տվեցին, որ Սիրիայում ռուսաստանյան ներկայությունը չի կարող ապահովել Ասադի լիարժեք պաշտպանությունը: Ռուսաստանցի զինվորականները հարձակման մասին տեղեկացված են եղել եւ թույլ են տվել հրթիռակոծությունները: Նրանք կամ ի վիճակի չեն եղել կանխել այդ հարձակումը, կամ գիտակցաբար են թույլ տվել»:

«Եթե այդ որոշումը գիտակցաբար է կայացվել, ապա դա խելամիտ քայլ էր: Սակայն միաժամանակ դա զգալիորեն սահմանափակում է Ռուսաստանի հնարավորությունները: Մինչ օրս Մոսկվան ցույց էր տալիս, որ իր վրա ազդեցություն գործելու ցանկացած փորձ հղի է ռազմական վտանգով: Այդ մեթոդը աշխատում էր Օբամայի եւ մյուս քաղաքական գործիչների պարագայում, ովքեր գերադասում էին ռիսկի չդիմել: Այժմ իրավիճակը բոլորովին այլ է»,-եզրափակում է Die Welt-ի հոդվածագիրը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝