Անգելա Մերկելի այցը Մոսկվա՝ վատագույնը կանխելու փորձ

718

«Չնայած 2015թ.-ին Մինսկում կնքված համաձայնագրի, որը կանխելու էր Ուկրաինայի արեւելքում իրավիճակի սրացումը, վերջին ամիսներին հակամարտությունն ավելի է թեժացել: Եվ այդ ֆոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշում է արտասովոր քայլ կատարել. մայիսի 2-ին նա կայցելի Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման»,- գրում է գերմանական  Der Spiegel թերթը:

«Դա Մերկելի դիրքորոշման արմատական փոփոխություն է, քանի որ մինչեւ հիմա կանցլերը պահում էր այն դիրքորոշումը, համաձայն որի Պուտինի հետ հանդիպումը հնարավոր կլիներ  միայն այն դեպքում, երբ Դոնբասում կամ Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխություն  նկատվեր: Սակայն հիմա նա մեկնում է չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն առհասարակ չի ցանկանում զիջումների գնալ: Դա ցույց է տալիս, թե Մերկելը որքան լուրջ է գնահատում իրավիճակը»,- մեկնաբանում է հոդվածի հեղինակը:

Գերմանիայի կանցլերի գերատեսչությունն արդարացնում է Մերկելի այցը Կրեմլ՝ այս տարվա հունիսին Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներով: Լրագրողների կարծիքով, դա ընդամենը պատրվակ է. «Բոլորին պարզ է, որ Մերկելը մեկնում է Մոսկվա ոչ այն բանի համար, որ խոսի Պուտինի հետ Աֆրիկայի բնակչությանն օգնելու  կամ նմանատիպ այլ թեմաների մասին: Իրականում այցը վատագույնը կանխելու փորձ է»:

Ինչպես մեկնաբանում է Der Spiegel-ը, խոսքն այն մասին է, որ «ԱՄՆ-ի ընտրություններում Թրամփի հաղթանակից հինգ ամիս անց դե ֆակտո Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ ոչ մի քաղաքականություն չունի»:

«Գերմանացի դիվանագետների գաղտնի հաշվետվությունը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր են նրանք գնահատում ներկայիս իրավիճակը: Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ Պուտինն ամերիկացիների անվճռականության պատճառով կփորձի Ուկրաինայում «ստեղծել եւ կեղծել փաստեր»: «Կրեմլի ղեկավարը կարող է փորձել    ուկրաինական հակամարտության հարցը լուծել սեփական պատկերացումների համաձայն»,- մեջբերում է թերթը Մոսկվայում գերմանական դեսպանատան հաղորդագրությունը:

«Այսպիսով, իրավիճակը դառնում է չափազանց պայթյունավտանգ, սակայն բացարձակ այլ, քան նախկինում սպասում էին կանցլերի գերատեսչությունում»,- նշում է թերթը՝ հիշեցնելով, որ Թրամփի հաղթանակից հետո այնտեղ մտավախություն ունեին, որ վերջինս Պուտինի հետ կմիավորվի եվրոպացիների թիկունքում: «Հիմա հակառակ պատկերն է. Վաշինգտոնն ընդհանրապես Մոսկվայի հետ հարաբերությունները չի ցանկանում կարգավորել, ինչն էլ իրավիճակը բարդացնում է հերթական անգամ»:

«Մերկելը հայտնվում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ միջնորդի դերում: Դաշնային կանցլերը շատ է ցանկանում, որ ամերիկացիները կրկին վերադառնան խաղի մեջ, քանի որ քանի դեռ նրանք ոչինչ չեն անում, հաջողություններ չեն լինի: Վաշինգտոնի ճնշման բացակայության պատճառով եւ ռուսները, եւ ուկրաինացիները զիջումների գնալու որեւէ նախադրյալ չեն տեսնում»:

Ինչ էլ որ լինի, ավելացնում է Der Spiegel-ը, «նույնիսկ եթե Մերկելի բանակցություններն Ուկրաինայի հարցով արդյունք չունենան, Մերկելի այցը Ռուսաստան որպես Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավար կարող է օգուտ տալ ներքին քաղաքականության մեջ, քանի որ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մտածում է Պուտինի նկատմամբ Մերկելի կոշտ դիրքորոշումը դարձնել իր նախընտրական ծրագրի մի մասը»:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝