Թե ինչու չպետք է Թրամփն անկյուն քշի Պուտինին

tramp

«Սիրիական օդուժի ավիաբազային հասցրած հրթիռային հարվածներից հետո Դոնալդ Թրամփը չպետք է անկյուն քշի ռուսաստանցի նախագահ Պուտինին»: Գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել կանադացի փորձագետ, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Մի կողմից  դա լուրջ նվաստացում է Վլադիմիր Պուտինի համար, ով ժողովրդի առջեւ ճամարտակում էր, որ իբր ինքն օգնել է ամերիկացի նախագահին: Իսկ այժմ վերջինս ապտակ է հասցնում Կրեմլի ղեկավարին, իսկ ավելի մեծ նսեմացում Պուտինի համար չէր կարող լինել: Եվ դա շատ վտանգավոր է. Պուտինը հատկապես անկանխատեսելի է այն դեպքերում, երբ զգում է, որ իրեն մոլորեցրել են»,-նշում է փորձագետը:

Ռոբերտ Ամստերդամ

Ռոբերտ Ամստերդամ

Ըստ նրա, գործը կարող է հասնել անհամաչափ արձագանքի, քանի որ այժմ Ռուսաստանը եւ Իրանը գամվել են միջազգային հանրության անարգանքի սյունին. չէ՞ որ  նրանք աջակցում են բռնապետին, ով քիմիական զենք է կիրառում սեփական ժողովրդի դեմ:

«Սակայն իրավիճակը կարող է ծայրաստիճան սրվել, եթե ապացուցվի Ռուսաստանի մասնակցությունը գազային հարձակմանը: Այդ դեպքում կարող են կիրառվել նոր պատժամիջոցներ, եւ Մոսկվան ամբողջությամբ անկյուն կքշվի: Ռուսաստանն ահռելի վնասներ կկրի»,-վստահ է Ամստերդամը:

«Պուտինը, հնարավոր է, վաղուց է զղջում, որ օգնել է Թրամփին: Եթե ռուսները խաղադրույք էին կատարել Թրամփի վրա, ապա նրանք  սխալվել են իրենց հաշվարկների մեջ: Թրամփը ցնցված է եղել քիմիական հարձակման կադրերից  եւ սկսել է գործել բնազդաբար: Դա ցույց է տալիս, որ Թրամփի արձագանքը գործնականում հնարավոր չէ կանխատեսել, եւ դա նրան չափազանց վտանգավոր է դարձնում Ռուսաստանի եւ Չինաստանի տեսանկյունից»,-հայտնել է կանադացի փորձագետը:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝