Հանրության մեծ խմբերի ընկալումը Պուտինի համար շատ վտանգավոր գործոն է

60ae922b906ca5ba2cecea4774061e6b

«Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը շատ կարեւոր մարտահրավեր էր Ռուսաստանի եւ անձամբ Վլադիմիր Պուտինի համար»,- ասել է մոսկովյան համալսարանի դասախոս եւ քաղաքագետ Վ. Ս.-ն՝ զրուցելով Corriere della Sera-ի լրագրող Պաոլո Վալենտինոյի հետ՝ չհիշատակելով անունը: «Պետք է հիշել այն, որ Պուտինի առաջին նախագահական շրջանը սկսվել է Ռուսաստանում ահաբեկչությունն արմատախիլ անելու խոստումներով: Այդ շրջանում խոսքը գնում էր իսլամիստ չեչենների ահաբեկչությունների մասին: 17 տարի անց Պուտինը կանգնած է էլի նույն սպառնալիքի դիմաց, այն էլ իր հայրենի քաղաքում»:

Քաղաքագետը եւս մեկ լուրջ հանգամանք է համարում որոշ ռուսաստանցիների կասկածները, որ ահաբեկչությունը  դավադրության արդյունք է, որին կարող են ներգրավված լինել հատուկ ծառայությունները: «Դա հիմնազուրկ անտրամաբանական դատողություն է, սակայն այդպիսին է հանրության մեծ խմբերի ընկալումը, որոնք սկզբունքորեն չեն վստահում ռուսաստանյան իշխանությանը: Եվ դա,- համոզված է դասախոսը,- Պուտինի համար շատ վտանգավոր գործոն է»:

Ռուսաստանի նախագահի իշխանությունը, քաղաքագետի կարծիքով, այնքան էլ ամուր չէ, որքան թվում է, եւ նրա աջակցության բազան կրճատվում է: «Դա թուլացնում է Պուտինին,- նշում է նա,- մարտի վերջին տեղի ունեցած բողոքի ակցիաները բավականին էական ազդանշան էին»:

Քաղաքագետը համոզված է, որ նոր ահաբեկչական սպառնալիքը կհամախմբի հասարակական կարծիքը նախագահի շուրջ կարճ ժամանակով, հնարավոր է՝ մի քանի ամսով: «Ես կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում տնտեսական եւ սոցիալական խնդիրները, եկամուտների կրճատումը եւ կենսամակարդակի վատթարացումն ավելի զգալի կդառնան եւ ծանրակշիռ կլինեն»:

Ահաբեկչությունից հետո, կարծում է քաղաքագետը, կարելի է սպասել անվտանգության խստացված միջոցառումներ, ինչպես նաեւ բողոքի ցույցեր իրականացնելու նոր սահմանափակումներ: «Իշխանությունը կանգնած է խաղաքարտերը խառնելու գայթակղության առջեւ՝ ահաբեկիչներին եւ ընդդիմությանն ընդհանրացնելով եւ երկուսին էլ ներկայացնելով որպես ապակայունացնող տարրեր»,- եզրափակում է փորձագետը:

Աղբյուր՝ Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝