Պուտինի հայրենի քաղաքը՝ ահաբեկիչների անսպասելի թիրախ

AP_17093492855579

«Արեւմուտքում հաճախ մոռանում են, որ բոլոր եվրոպական երկրներից առավել շատ Ռուսաստանն է տուժել իսլամական ահաբեկչությունից. 1999թ.-ին երկրորդ չեչենական պատերազմի սկզբից ահաբեկիչները Կովկասում եւ երկրի կենտրոնական շրջաններում իրականացրել են տասնյակ ահաբեկչություններ, ինչի հետեւանքով զոհվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,- շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում գրում է Անդրեաս Ռյուշը:

«Վերջին տարիներին հատուկ ծառայություններին հաջողվել է «խեղդել» չեչենական անջատողականությանը եւ նկատելիորեն թուլացնել իսլամիստական «Կովկասյան էմիրության» կողմնակիցներին: Սակայն Սիրիայում ռազմական միջամտությունից հետո Ռուսաստանն իրեն թիրախ դարձրեց ահաբեկիչների համար, նշում է հեղինակը՝ հիշեցնելով 2015թ.-ի հոկտեմբերին ռուսաստանյան ուղեւորատար ինքնաթիռի աղետի մասին, երբ զոհվեց 224 մարդ: Աղետի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետության» եգիպտական թեւը: Ի դեպ, դա Եվրոպայում ԻՊ-ի կողմից քաղաքացիական անձանց դեմ իրականացված ամենախոշոր ահաբեկչություններից էր»:

«Սանկտ Պետերբուրգը՝ Ռուսաստանի երկրորդ քաղաքը, ահաբեկիչները խնայեցին անգամ բռնության ամենաբարձր ալիքի ժամանակ, եւ դրանով ուշագրավ են այն մարդկանց դրդապատճառները, ովքեր նախագահի հայրենի քաղաքում պայթյուն իրականացրեցին: Այն օրվանից սկսած, երբ 17 տարի առաջ Պուտինը դարձավ երկրի ղեկավար, ոչ մի խոշոր ահաբեկչություն տեղի չի ունեցել Սանկտ Պետերբուրգում: Երկու պայթյուն՝ 2009 եւ 2010թթ.-ին, մեկը կանգառում, մյուսն՝ արագընթաց երկաթուղու մոտ, համեմատաբար թեթեւ հետեւանքներ են ունեցել: Այնուամենայնիվ, երկրորդ ահաբեկչությունը խլել էր 28 մարդու կյանք, այդ թվում մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների»,-գրում է Ռյուշը:

«Սանկտ Պետերբուրգում իսլամիստական տրամադրությունների աճ չի նկատվում: Ահաբեկիչների ընդհատակյա գործունեության նկատմամբ ամբողջական հաղթանակ ձեռք չի բերվել, եւ փորձագետները վաղուց էին կանխատեսել ահաբեկչությունների նոր շարք, երբ ԻՊ-ի կովկասյան զինյալները Սիրիայից սկսեցին վերադառնալ հայրենիք: Իսկ հավանականությունը, որ իսլամական խալիֆայության փլուզումը կհանգեցնի նման ալիքի տարածման, բավականին մեծ է»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Neue Zuercher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝