Պուտինը լարվածության մեջ է պահում ամբողջ աշխարհը, սակայն խնդիրներ ունի երկրի ներսում

170327132222-01-anti-putin-protest-file-2012-exlarge-169

«ԱՄՆ-ի նախագահն «ալեկոծությունների» մեջ է, Եվրոպան զբաղված է իր ներքին խնդիրներով, եւ փաստացի ոչինչ չի խանգարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գերիշխել սեփական հայեցողությամբ: Սակայն երկրի ներսում նա բախվում է դժվարությունների հետ»,- գրում է Շտեֆան Շոխերն ավստրիական Kurier պարբերականում:

«Վերջին տարիներին Կրեմլի ղեկավարն աշխարհը վերադասավորում է սեփական պատկերացումների ներքո: Ուկրաինան սայթաքում է Եվրոպա տանող ճանապարհին, իսկ պաշտոնական Մոսկվան Ղրիմի անեքսիան ամեն հարմար առիթի ներկայացնում է որպես բնական երեւույթ: Ռուսաստանը նաեւ սովորել է հաղթահարել Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները»:

«Եվրամիությունը հիմնականում զբաղված է սեփական խնդիրներով, նրա ուժերը ջլատում են ինչպես Brexit-ը, այնպես էլ Պուտինին համակրող աջակողմյան ամբոխավարները: Թրամփի Ամերիկայից Մոսկվային ուղղված հակազդեցություն սպասել պետք չէ: Ավելին, Սիրիայում, որտեղ Մոսկվան վաղուց է իր ձեռքը վերցրել իշխանության ղեկը, ԱՄՆ-ը հակված է հետեւել ռուսաստանյան ուղեգծին»,-նշում է հեղինակը:

«Ընդհանուր առմամբ, Պուտինը գոհ է, որ առանց որեւէ խոչընդոտի Ռուսաստանն իրեն է վերադարձնում համաշխարհային գերտերության կարգավիճակը: Կոշտ դիրքորոշումը եւ ներքին մեկուսացումը, թշնամիների հանդեպ անվստահության ամրապնդումը, դեռեւս ԽՍՀՄ-ի ժամանակներից ծանոթ տերմինները՝ ամերիկացիները, լրտեսներն ու ֆաշիստները, հայրենասիրական ոգին կոփելու գործողություններն ապահովել են նախագահի բարձր վարկանիշը: Նա 2018թ.-ի նախագահական ընտրություններին իր հաղթանակի վերաբերյալ կասկածներ չպետք է ունենա»,-գրում է Շոխերը:

«Այս ամենով հանդերձ, փորձագետները ենթադրում են, որ երկրի ներսում Պուտինն այնուամենայնիվ կարող է կորցնել իրավիճակի վերահսկողությունը: Պուտինի եւ ԱՄՆ-ի նոր նախագահի շփումներն ու կասկածելի գործերը պատիվ չեն բերում ոչ Թրամփին, ոչ Պուտինին: Ռուսաստանում ձեւավորվում է ընդվզող հատվածը: Բողոքի վերջին ակցիաները ցույց տվեցին, որ ժողովրդի դժգոհություններն աճում են՝ կապված եւ տնտեսական դժվարությունների, եւ կոռուպցիայի ու Ռուսաստանի մեկուսացման հետ»:

«Ռուսաստանյան ընդդիմությունն առաջնորդ չունի: Համախմբող գործչի դերում կարող էին հանդես գալ Ալեքսեյ Նավալնին կամ Բորիս Նեմցովը, ում սպանեցին 2015թ.-ին Կրեմլի մոտակայքում: Այսօր Պուտինի համար առավել կարեւոր է իրավիճակը պահել վերահսկողության տակ երկրի ներսում, քան նոր աշխարհ գծանշել»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Kurier

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝