«Ռուսաստանը սպառնում է մեր ժողովրդավարությանը». ԵԺԿ

putin-orban-2

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խիստ անհանգստացած է հին մայրցամաքում քաղաքականության եւ ընտրությունների վրա ազդելու Պուտինի փորձերից եւ ցանկանում է  այդ մասին նշել հռչակագրում»,- իտալական La Stampa-ում գրում է Ամեդեո Լա Մաթինան:

Փաստաթղթի վերնագիրը հետեւյալն է. «Ռուսաստանյան ապատեղեկատվությունը, որը խափանում է արեւմտյան ժողովրդավարությունը»: «Դա հզոր մեղադրական ակտ է»,- մեկնաբանում է լրագրողը: «ԵՄ անդամ պետությունները,- ասվում է տեքստում,- ներկա պահին կանգնած են աննախադեպ սպառնալիքի առջեւ: Ապատեղեկատվության քարոզչությունը եւ Ռուսաստանի կողմից հակաեվրոպական քաղաքական ուժերի մշտական աջակցությունը խափանում են անդրատլանտյան համագործակցության եվրոպական ծրագիրը եւ արեւմտյան ժողովրդավարությունը: Այս ճգնաժամը հասել է անհանգստացնող չափերի»:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անընդունելի է համարում կիբերհարձակումները, որոնք իրականացնում է Ռուսաստանը:

Փաստաթղթում կա հիշեցում Ղրիմի անեքսիայի, Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմի, Վրաստան ներխուժման եւ Բալթյան երկրների դեմ ռուսաստանյան քարոզչության մասին: «Գրեթե երեք էջի վրա գրված Պուտինին ուղղված մեղադրանքների հետ միասին ընդգծվում է նաեւ հակատեղեկատվական աշխատանքի անհրաժեշտության մասին, որին պետք է ներգրավված լինեն եվրոպական լրատվամիջոցները եւ ՆԱՏՕ-ն»,- ասվում է հոդվածում:

Սակայն, հեղինակը նշում է, որ համագումարի որոշ մասնակիցներ եւ քաղաքական առաջնորդներ խուսափում են բանաձեւի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Այսպես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում «Ֆիդես» կուսակցությունը մտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմի մեջ, հայտնել է լրագրողներին, որ փաստաթուղթը չի կարդացել: Իսկ ի՞նչ է կարծում Սիլվիո Բեռլուսկոնին՝ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը: «Ես անձամբ ծանոթ եմ Պուտինի հետ եւ բացառում եմ նրա միջամտությունը եւ աջակցությունը պոպուլիստներին»,- հայտնել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին ներկա Իտալիայի նախկին վարչապետը: «Ես հպարտ եմ, որ 2002թ.-ին վերջ եմ դրել «սառը պատերազմին», երբ ստիպեցի Պուտինին եւ Բուշին ձեռք սեղմել: Անհեթեթություն կլիներ ամեն ինչ նորից սկսել»,- ավելացրել է քաղաքական գործիչը:

Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն մեկնաբանել է իր գերատեսչություն ուղարկված հայտը: «Խոսքը գնում է այն հարցերի մասին, որոնք բարձրացվել են Եվրախորհրդարանի խորհրդարանական ակտերում,- ասել է Ալֆանոն,- սակայն առայժմ չկա ոչ մի ապացույց: Այդ հարցի շուրջ սկսվել են քննարկումներ»:

Աղբյուր՝ La Stampa

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝