Ռուսաստանը «ճանկում է» Բալկանները Եվրամիությունից

balkan-flag

«Վերջերս Բալկաններ կատարած աշխատանքային այցի ընթացքում արտաքին գործերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ստիպված էր խոստովանել, որ Հարավ-արեւելյան Եվրոպայում անլուրջ վերաբերմունք են դրսեւորում Բրյուսելի նկատմամբ»,-գրում է գերմանական Focus ամսագիրը:

«Մակեդոնիայի նախագահը, օրինակ, Մոգերինիին «շատ հեռու ուղարկեց» ճգնաժամը կարգավորելու նրա առաջարկներով հանդերձ, իսկ Սերբիայի խորհրդարանում վերջինիս ճառն ուղեկցվեց զայրալից բացականչություններով: Կոսովոյում, որտեղ Մոգերինին ցանկանում էր խաղաղություն հաստատել, նրա հեռանալուց հետո հակամարտությունն էլ ավելի սրվեց: Իսկ Բոսնիայում ոչ մի նշանակություն չունեցող հանդիպում կազմակերպվեց»,-նշվում է հոդվածում:

«Եվրամիության հեղինակության անկմանը նպաստում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Չինաստանի ակտիվ գործունեությունը: Մոսկվան աննախադեպ քարոզչական արշավի միջոցով ձգտում է «նվաճել մարդկանց սրտերը»: Թուրքիան եւս քայլեր է ձեռնարկում: Անկարան Բոսնիա-Հերցեգովինայում  պատերազմից ավերված տասնյակ մզկիթներ վերակառուցեց: Հարավային Սերբիայում թուրքական ընկերությունները ցանկալի ներդրողներ են: Չինաստանն իր հերթին Բալկաններում զբաղված է հին Մետաքսի ուղին վերականգնելու աշխատանքներով: Իսկ վերջին շրջանում հայտնվել են նաեւ արաբ ներդրողներ, ովքեր մասսայաբար հողատարածքներ են գնում Բոսնիայում, իսկ Բելգրադում կառուցում են հսկայական թաղամասեր»:

«Սակայն ամենաակտիվը ռուսաստանցիներն են: Խորվաթիայում «Սբերբանկը» դարձել է ամենախոշոր վարկատուն, եւ բացի տնտեսական շահերից, նաեւ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում:  Ռուսաստանը հզոր քարոզչության շնորհիվ լրացնում է քաղաքական վակուումը, որը թողել է Բրյուսելը: Եվ դա կարող է ավելի խորանալ տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալուց հետո: Փորձագետների մեծամասնությունը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ զգալիորեն կնվազի»,-եզրափակում է պարբերականը:

 Աղբյուր՝ Focus

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝