Թրամփը հաղթանակներ է տենչում. իսկ եթե նա հարված հասցնի՞

landscape-1450210154-gettyimages-501380028

«Բոլոր ամերիկացի նախագահները սկսած նախորդ դարի սկզբից պատերազմներ են վարել, եւ դժվար թե Թրամփը բացառություն կազմի»,-Die Zeit-ում գրում են Յորգ Լաուն եւ Միխայել Տումանը:

«Իր նախագահության առաջին իսկ օրերից Թրամփն իրեն ներկայացնում էր հաղթողի կերպարով, ով Ամերիկային նորանոր հաղթանակներ է պարգեւելու: Իսկ վերջերս նա պատմում էր, թե ինչպես է հզորացնելու երկիրը: Թրամփը հայտարարեց. «Երբ ես դեռ սովորում էի քոլեջում, բոլորն ասում էին, որ Ամերիկան երբեք տանուլ չի տվել պատերազմները, իսկ այժմ մենք հաղթանակներ չենք տանում: Մենք պետք է հաղթենք պատերազմները»:

«ԱՄՆ-ի նախագահն իր ռազմական հավակնություններն ամրագրեց բյուջետային միջոցների վերաբաշխումով: Ռազմական ծախսերը պետք է ավելանան 10%-ով: Այդ գումարը կծախսվի նոր զրահատեխնիկայի, ավիակիրների եւ միջուկային ռումբերի վրա: Միեւնույն ժամանակ միջազգային կազմակերպություններին, սոցիալական եւ կլիմայի պահպանության ծրագրերին հատկացվող միջոցները զգալիորեն կկրճատվեն»,-նշվում է հոդվածում:

«Թրամփի համար ուժն է կարեւոր: Թանկարժեք առաջնակարգ սպառազինությունը դառնում է ազգային հզորության գրավական: Հզորությունը նշանակում է իշխանություն, իսկ իշխանությունը՝ հաղթանակ: Ռազմական հակամարտությունների պատճառներն ու բնույթն այսօր փոխվել են. 2 պետությունների միջեւ պատերազմը վերափոխվել է հատուկ օպերացիաների, հակաահաբեկչական արշավների եւ գաղտնի գործողությունների՝ դրոնների կիրառմամբ»:

«Բազում ասիմետրիկ պատերազմների ժամանակ համաշխարհային գերտերությունները պարտություն են կրել փոքր երկրներից: Այդ տխուր փորձը ձեռք են բերել ԽՍՀՄ-ն Աֆղանստանում, այնուհետ ԱՄՆ-ն՝ Իրաքում եւ նույն Աֆղանստանում: Սիրիական պատերազմն արդեն տեւել է այնքան, որքան Երկրորդ համաշխարհայինը, իսկ հակամարտությունն Աֆղանստանում՝ 2 անգամ ավելի: Նմանատիպ հակամարտություններն անհնար է ավարտել ռազմական ճանապարհով»,-նշում են հեղինակները:

«Կրկին հաղթանակ տանելու Թրամփի ցանկությունը կարող է փորձարկվել 3 հակամարտություններում: Դա հյուսիսկորեական միջուկային ծրագրի շուրջ վեճն է, որը էսկալացիայի փուլում է, պայքարն «Իսլամական պետության» դեմ, որի բոլոր ահաբեկիչ-զինյալներին Թրամփը խոստացել է ոչնչացնել, եւ, ի վերջո, Իրանի հետ հակամարտությունը»,-եզրափակում է Die Zeit հանդեսը:

Աղբյուր՝ Die Zeit

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝