Վաղաժամ հրճվանք Հոլանդիայում կայացած ընտրությունների առիթով

crop

«Նիդեռլանդներում ընտրություններից հետո շատ մարդկանց մոտ, ի դեպ, ոչ միայն հոլանդացիների, այն զգացողությունն է, որ մի ծանր բեռ է ընկել իրենց վրայից. Գերտ Վիլդերսի հակաեվրոպական եւ հակաիսլամական «Ազատության կուսակցությունը» չդարձավ երկրում առաջին քաղաքական ուժը»: «Այդ ծանր քարի ընկնելու ձայնը լսելի է եղել ոչ միայն Ամստերդամի փողոցներում, այլեւ ամբողջ մայրցամաքում, հատկապես Բեռլինում: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցն ասել է, որ թեթեւություն է զգացել աջակողմյանների պարտությունից հետո»,- գերմանական Die Welt-ում գրում է Դիրկ Շյումերը:

«Առաջին հայացքից ուրախությունը հասկանալի է: Հոլանդիայից հերթական վատ նորությունը Թրամփի ընտրությանը եւ Brexit-ին հետեւած ցնցումներից հետո Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջիկա ընտրությունների համար այնքան էլ լավ նախանշան չէր լինի»,- նշում է հեղինակը:

Միեւնույն ժամանակ, իրական սպառնալիք, Շյումերի կարծիքով, չի եղել, քանի որ Վիլդերսի հետ համագործակցել չէր ցանկանում հոլանդական ոչ մի քաղաքական կուսակցություն, իսկ Նիդեռլանդներում բացարձակ մեծամասնություն երբեք չի լինում:

«Իրականում, եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք, ապա պարզ կդառնա, որ հոլանդական ցնծությունն այնքան էլ արդարացված չէ. հաղթող Ռյուտեն կորցրեց իր ընտրողների գրեթե 1/5-րդ մասին այն դեպքում, երբ Վիլդերսը կարողացավ եւս մի քանի տոկոս հավաքել եւ դառնալ երկրորդը»:

«Իսկ հոլանդական «Աշխատանքի կուսակցության» սոցիալ-դեմոկրատների համար ընտրությունները ոչ թե ձախողում էին, այլեւ իրական աղետ: Երկրում հետպատերազմյան պատմության ընթացքում ոչ մի կուսակցություն չէր կորցրել նման թվով ընտրողների. այդ կուսակցության կողմնակիցների թիվը 25 տոկոսից նվազել, հասել է 6 տոկոսի»,- ասվում է հոդվածում:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝