Մոսկվան Սիրիայում փորձարկում է իր նորագույն զենքերը

news-149_2

«Սիրիայում ռուսաստանցի զինծառայողներն օգտագործել են КАБ-500 լազերային ուղղորդվող ավիառումբեր, որոնք կարող են խոցել անգամ հաստ բետոնյա պատերը»,- գրում է Le Figaro-ի լրագրող Ալեն Բարլյուեն:

«Դեռեւս 2015թ.-ի սեպտեմբերին Մոսկվան սկսել է զենքի փորձարկումները Սիրիայում: Ռուսաստանյան բանակը միակը չէ, որը հակամարտության գոտին փորձադաշտի է վերածում զինատեսակները փորձարկելու համար ինչպես տեխնիկական, այնպես էլ մարտավարական եւ առեւտրային նպատակների համար: Պատերազմի ժամանակ փորձարկված երաշխիքը ցանկացած զենքի համար որոշիչ առավելություն է համարվում արտահանման ժամանակ»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանի համար նման խնդիրները եւ նպատակները շատ կարեւոր են, քանի որ հայտնի է, որ այդ երկիրը վերջին տասը տարիների ընթացքում արագացրած տեմպով վերականգնում է իր պաշտպանունակությունը, եւ նրան է պատկանում համաշխարհային զենքի արտահանման 25 տոկոսը, մասնավորապես դեպի Հնդկաստան, Վիետնամ եւ Չինաստան: Նույնիսկ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն է խոստովանել, որ Մոսկվան Սիրիայում փորձարկել է 160 տեսակի զենք եւ մարտական համակարգեր, որոնք ցուցադրել են իրենց հուսալիությունն ու արդյունավետությունը»,-հայտնում  է հեղինակը:

«2015թ.-ին Ռուսաստանը Սիրիայում գործի դրեց իր բազմաֆունկցիոնալ Սու-4 կործանիչը: «Վալդայ» կրեմլյան փորձագիտական-վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Մոսկվան Սիրիայում կիրառել է տարբեր տեսակի ռումբեր եւ հրթիռներ, որոնք տեխնիկական նորագույն ձեռքբերումներ են համարվում: Մասնավորապես, ռուսաստանցի զինծառայողներն օգտագործել են КАБ-500 լազերային ավիառումբեր, որոնք կարող են ավերել անգամ հաստ բետոնյա պատերը: «Կալիբր» հրթիռային համակարգն առաջին անգամ սուզանավից հրթիռային հարված է հասցրել իրական թշնամուն: ՌԴ ռազմածովային ուժերի նորագույն փոքր հրթիռակիր նավերը՝ «Բույան-Մ»-երը, օգտագործվել են հակառակորդի դիրքերին Կասպից ծովից հարված հասցնելու համար»,- նշում է Բարլյուեն:

«Փարիզի ռազմական ակադեմիայի մարտավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն եւ «Իրանա-իրաքյան պատերազմ» գրքի հեղինակ Պիեր Ռազուի կարծիքով, Կրեմլը Մերձավոր Արեւելքում ունի չորս գերակայություններ. «Զսպել ջիհադիստական սպառնալիքը, խթանել իր էներգետիկ շահերը, մեկուսացնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ Մոսկվան մտավախություն ունի, որ Թուրքիան կարող է սողալ դեպի իսլամիզմ, եւ վերջապես, ցույց տալ տարածաշրջանի բոլոր բռնապետերին, որ Ռուսաստանը համարվում է անփոխարինելի դաշնակից, որի վրա կարող է հույս դնել ցանկացած բռնապետական իշխանություն»:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝