«Չի բացառվում Ղրիմի վերադարձն Ուկրաինային». Ռասմուսեն

Krim-Annexion-Putin-spricht-offen-ueber-Befehl-In-TV-Dokumentation-story-442714_630x356px_1_DK0p4F_5ESIN2

ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, ներկայումս Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի բացառել Ղրիմի թերակղզու վերադարձն Ուկրաինային: «Սակայն, նախեւառաջ անհրաժեշտ է աշխատել Մինսկյան համաձայնագրերի իրագործման ուղղությամբ»,- նշել է քաղաքական գործիչը Die Welt-ին տված հարցազրույցում:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսեն

«Ռուսաստանը Ղրիմը պահում է տեղեկատվական շրջափակման մեջ, ընդլայնում ռազմական ներկայությունը: Դա ապացույցն է այն փաստի, որ Մոսկվայի կողմից Ղրիմի անեքսիայի իրական դրդապատճառը Սեւ ծովի նկատմամբ ռազմական եւ ռազմավարական վերահսկողության սահմանումն էր: Ղրիմում աղետալի իրավիճակ է մարդու իրավունքների առումով, հատկապես թաթարների, ովքեր գտնվում են ռուսաստանյան իշխանությունների ճնշումների ներքո»,-հայտարարել է Ռասմուսենը:

«Խորհրդային Միությունը ժամանակին անօրինական կերպով բռնակցել էր Բալթիկայի երկրները: Շատերի համար, ովքեր հասակ են առել սառը պատերազմի ստվերի ներքո, այդ երկրների ազատագրումն անիրական էր թվում: Սակայն ինչ-որ մի պահ իրավիճակ փոխվեց, եւ բալթյան 3 երկրները վերադարձրեցին իրենց ազատությունն ու անկախությունը: Այսօր դրանք ծաղկող ժողովրդավարական երկրներ են, եւ դա չի կարելի բացառել նաեւ Ղրիմի դեպքում»,-կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը:

Նրա խոսքերով, նախագահ Թրամփի եւ Պուտինի միջեւ Ուկրաինային վնասող գործարք չի կնքվի: Ըստ Ռասմուսենի, միայն Ռուսաստանի վրա ճնշումն ավելացնելով է հնարավոր իրագործել Մինսկյան համաձայնագրերի կետերը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝