Ի՞նչ կլինի, եթե Էրդողանը հրաժարվի միգրացիոն գործարքից

image

«Եվրոպայի հետ առճակատման այս փուլում Թուրքիան իր ձեռքում հաղթաթուղթ ունի»: Tagesanzeiger-ի հետ զրույցում միգրացիոն համաձայնագրի գաղափարախոսներից մեկը՝ Հերալդ Կլաուսը, խոսել է պայմանավորվածության խզման հնարավոր հետեւանքների մասին:

«Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներն անհանգստացնում են. այդ երկիրը պատրաստ է բացել դարպասները եւ հեղեղել Եվրոպան փախստականներով: Եվրոպան գտնվում է խոցելի վիճակում, քանի որ հնարավորություն է տվել նման շանտաժի, եւ այս մասին խոսում են Գերմանիայում, Ֆրանսիայում ու Նիդեռլանդներում միգրացիոն գործարքի հակառակորդները: Այս տարի Եվրոպայում ընտրություններով պայմանավորված քաղաքական գործիչները վախենում են նոր միգրացիոն ճգնաժամից»,- նկատում է հոդվածի հեղինակը:

«Էրդողանը սպառնում է հրաժարվել համաձայնագրից այն պահից սկսած, երբ մեկ տարի առաջ այն ուժի մեջ մտավ, սակայն մինչեւ հիմա սպառնալիքները հետեւանքներ չեն ունեցել: Դրա պատճառը պարզ է. Թուրքիան ոչ պակաս հետաքրքրված է այդ համաձայնագրի պայմանների կատարմամբ»,- ասում է Հերալդ Կլաուսը:

«Թուրքիան, որը հիմա գտնվում է ծանր տնտեսական վիճակում, այսօր շատ գումարի կարիք ունի: Եվրամիությունը համաձայնագրի շրջանակներում պարտավորվում է 2016 եւ 2017 թվականներին 3 մլրդ եվրո վճարել Թուրքիայում գտնվող 2,5 մլն փախստականների կեցությունն ապահովելու համար»:

Կլաուսը դրական է տրամադրված. նա ենթադրում է, որ Անկարան չի հրաժարվի համաձայնագրից, նույնիսկ եթե Եվրոպայի հետ հարաբերություններն էլ ավելի սրվեն:

«Այնուամենայնիվ, եթե Թուրքիան իրականացնի իր սպառնալիքները, դա չի նշանակի, որ Արեւմտյան Եվրոպա կներխուժեն հարյուր հազարավոր իրաքցիներ եւ սիրիացիներ: Թուրքիայի կառավարությունը կարող է փախստականներին հասցնել սահմանի մոտ, իսկ հետո ի՞նչ կլինի: Փախստականների մոտ այն կարծիքն է, որ Էգեյան ծովով անցնելը ժամանակի կորուստ է, դրա համար նրանք նախընտրում են մնալ Թուրքիայում»,- նշում է փորձագետը:

Աղբյուր՝ Tagesanzeiger

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝