Եվրոպացիներն ուզում են պաշտպանված լինել, բայց զլանում են ծախսել

406

«Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ներկայացրեց դաշինքի տարեկան հաշվետվությունը, ըստ որի պարզ է դառնում, որ 2016թ.-ին եվրոպական երկրները պաշտպանության համար ծախսել են ՀՆԱ-ի 1,47%-ը: 2015-ին այդ ցուցանիշը կազմել է 1,43%»,-գրում է Մարկուս Բեքերը Der Spiegel ամսագրում:

«ՆԱՏՕ-ի գործընկեր երկրները դեռեւս 2014թ.-ին Ուելսում կայացած գագաթաժողովի ընթացքում պայմանավորվել էին դաշինքի անդամ համարվող յուրաքանչյուր պետության ռազմական ծախսերի նվազագույն շեմ սահմանել ՀՆԱ-ի 2%-ը: Սակայն ընթացիկ տեմպերով եվրոպացիներին եւ կանադացիներին անհրաժեշտ կլինի 13 տարի նման ցուցանիշի հասնելու համար»:

«Դաշինքի երկրների ռազմական բյուջեների տարբերությունը շատ մեծ է: Օրինակ՝ բացի ԱՄՆ-ից, պաշտպանության համար 2%-ից ավելի ծախսում են միայն Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Էստոնիան եւ Լեհաստանը: Գերմանիայում պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի միայն 1,2%-ը»:

«Գերմանիայում լրջագույն կասկածներ կան այն հարցում, թե արժե՞ արդյոք պաշտպանական ծախսերն ավելացնել մինչեւ 2%: Մասնավորապես, նման թերահավատություն կա կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամների շրջանում: Էլ չենք խոսում ընդդիմության մասին: Բազմաթիվ փորձագետներ կարծիք են հայտնել, որ բյուջեի կրկնապատկումը որեւէ արդյունք չի տա»,-գրում է Der Spiegel-ը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝