Եվրոպային ծանր փորձություններ են սպասվում

000_DV1952909-e1422895979549

«Այս շաբաթ եվրոպական ապաինտեգրացիոն գործընթացներն էլ ավելի լուրջ զարգացումներ ունեցան: Բազմաթիվ ճգնաժամերը  մայրցամաքին պատուհասած բարդագույն խնդիրների ախտանիշ են»,-գրում է The New York Times-ի թղթակից Մաքս Ֆիշերը:

«Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմից դուրս գալու իրական քայլ է կատարել, Շոտլանդիան՝ անկախացման: Ծայրահեղ աջակողմյանները, ինչպես սպասվում է, լավ արդյունքներ կարձանագրեն Հոլանդիայի ընտրություններին: Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ աճող տարաձայնություններն ուրվագծում են այն պատկերը, թե որքան բարդ է լինելու պահպանել Եվրոպայի միասնությունը: Ուրվագծվում են նաեւ այն ուժերը, որոնք կարող են խարխլել այդ միասնությունը»,-նշվում է հոդվածում:

«Սպասվող իրադարձությունները չեն կարող փլուզել Եվրոպան, որն առավել ծանր օրեր է ապրել: Սակայն դրանք առնչվում են այնպիսի ազդեցիկ ուժերի, որոնք նման ճգնաժամերի աճի եւ բազմազանության դեպքում կարող են նպաստել Եվրոպայի փլուզմանը»:

«Նիդեռլանդներում տեղի են ունենալու համազգային ընտրություններ, եւ ակնկալվում է, որ աջ ծայրահեղական «Ազատության կուսակցությունը» լավ արդյունքներ է արձանագրելու: Այս ընտրական գործընթացը հատուկ թեստ է Եվրամիության համար՝ կարո՞ղ են արդյոք միության անդամ-երկրները դիմակայել թափ հավաքող պոպուլիստական շարժումներին: Գերմանիայում եւ Ֆրանսիայում եւս շուտով ընտրություններ են: Աջ ծայրահեղականները դժվար թե գան իշխանության, սակայն կավելանա ճնշումն իշխանության նկատմամբ, որպեսզի եվրոպական ինտեգրացիային եւ ներգաղթյալներին դեմ քաղաքական ուղեգիծ տարվի»:

«Թուրքիայի եւ եվրոպական կառավարությունների միջեւ սրվող հակամարտությունը եւս ծանր փորձություն է Եվրոպայի համար: Թուրք պաշտոնյաները շրջագայում են եվրոպական երկրներում եւ հանրահավաքներ անցկացնում՝ ակնկալելով տեղաբնակ թուրքերի աջակցությունը հաջորդ ամիս կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Գերմանիան եւ Նիդեռլանդներն արգելեցին այդ միջոցառումները, եւ Էրդողանը հանդես եկավ կոշտ հայտարարություններով: Կարո՞ղ են արդյոք Թուրքիան եւ Եվրոպան կրկին նորմալ հարաբերություններ ձեւավորել: Եվրոպան թեքվում է պոպուլիզմի կողմը, իսկ Թուրքիան՝ ավտորիտարիզմի: Սակայն Եվրոպան ունի Թուրքիայի օգնության կարիքը, որպեսզի կասեցնի փախստականների հոսքը, հակառակ դեպքում այս վտանգավոր իրավիճակում կամրապնդվեն աջ ծայրահեղական ուժերի դիրքերը»,-գրում է Ֆիշերը:

«Բրիտանական խորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի ընթացակարգի գործարկման մասին օրինագծին: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալն ավելի հավանական է դառնում, ինչը լուրջ վնաս կհասցնի եւ բրիտանական տնտեսությանը, եւ եվրոպական միասնությանը»:

«Միեւնույն ժամանակ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը կոչ է արել երկրի անկախության հարցով նոր հանրաքվե անցկացնել: Առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների  մեծամասնությունը ցանկություն հայտնեց մնալ Եվրամիության կազմում: իսկ վերջերս Հյուսիսային Իռլանդիայում անցկացված ընտրությունների ժամանակ զգալի հաջողություններ արձանագրեց «Շին Ֆեյնը»՝ ազգայնական կուսակցությունը, որը կոչ է անում դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից եւ վերամիավորվել Իռլանդիայի հետ: Մեծ Բրիտանիան եւս կարող է փլուզվել, թեեւ դրա հավանականության մասին դեռ վաղ է խոսելը»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝  The New York Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝