«Արդյո՞ք հաջորդ Ուկրաինան մենք ենք լինելու». Բելառուսում տագնապած են

BO-18NOV13-Lukashenko-61st-fighter-Airbase

«Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ հարաբերություններն ու շփումները երբեք դյուրին չեն եղել. վերջին 20 տարիները հիշեցնում են «ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը՝ փոփոխվող անցումներով՝ դաշնակիցների կարգավիճակից հասնելով մինչեւ հակառակորդների, որոնք հրապարակայնորեն եւ դաժան վիճաբանության մեջ են միմյանց հետ»,- ամերիկյան Los Angeles Times թերթում գրում է Սաբրա Այրեսը:

«Բելառուսն այժմ համալրել է Ռուսաստանի անհանգիստ հարեւանների շարքը՝ տարածաշրջանում մոսկովյան հավակնությունների պատճառով: Հարաբերությունները Մոսկվայի հետ անհարթ են եւ անկայուն, քան երբեւէ եղել են, եւ դա վերածվել է տարածաշրջանային ճգնաժամի»,- ասվում է հոդվածում:

«Երկու երկրների միջեւ տարաձայնությունները զարգացել են անկանխատեսելի սցենարով՝ ներառյալ նավթի եւ գազի գների պատճառով առճակատումները, հրապարակային մեղադրանքները, Մոսկվայի հակաբելառուսական քարոզչությունը»,- նշում է բելառուս փորձագետ Անդրեյ Եգորովը:

Սակայն, ինչպես գրում է հեղինակը, այս անգամ Վլադիմիր Պուտինը հասկացնում է, որ ավելի քիչ է հակված բանակցությունների: «Այս ճգնաժամում նոր տարր են դարձել Ուկրաինան, Ղրիմը եւ նոր սառը պատերազմը»,- կարծում է Եգորովը: «Հիմա խաղադրույքները բարձրացել են»,- գրում է թերթը:

«Ըստ «համբույր նավթի դիմաց» գործարքի Ռուսաստանը Բելառուսին նավթ եւ գազ է մատակարարում զեղչով, իսկ փոխարենը Մինսկն իր հավատարմության երաշխիքներն է տալիս: Երբ 2015թ.-ին Ռուսաստանը հրաժարվեց նվազեցնել գազի գինը՝ կապված համաշխարհային գների անկման հետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սկսեց ուսումնասիրել Արեւմուտքի հետ մերձեցման հնարավորությունները»:

«Այն օրվանից, երբ սկսվեց ներկայիս ճգնաժամը, ՌԴ լրատվամիջոցները թեժացնում են Կրեմլի նախաձեռնած ինֆորմացիոն պատերազմը: Այսպես, բելառուս պատմաբան Նինա Ստուժինսկայան հեղինակի հետ զրույցում ասել է, որ տեղեկատվական քարոզչությունն ուղղված է ճգնաժամը թեժացնելուն եւ ռուսախոս լսարանի շրջանում մտավախություն սերմանելուն, որ իբր Բելառուսը մտադիր է Ուկրաինայի նման միավորվել Արեւմուտքի հետ»:

«Կրեմլը պատրաստ է ավելի դաժան կերպով արձագանքել, քան նախկինում: Օրինակ, հունվարին Մինսկը հայտարարեց, որ սահմանելու է առանց վիզայի ռեժիմ ավելի քան 80 երկրների զբոսաշրջիկների համար: Դրան ի պատասխան Ռուսաստանն ԱԴԾ-ի ուժայիններին տեղակայեց երկու երկրների սահմանին, որը դրանից առաջ չէր վերահսկվում: «Լուկաշենկոյի աշխատակազմը դեռ չի հասկացել, որ Կրեմլը հիմա նոր է սկսել վերջնագրեր ներկայացնել,- նշել է Belarus Security Blog վերլուծական կենտրոնի ղեկավար Անդրեյ Պորոտնիկովը: -Այս անգամ չի ստացվի լուծել հարցերն այնպես, ինչպես նախկինում»:

«Մինսկում եւ մի քանի տարածաշրջանային կենտրոններում սկսվել են հրապարակային բողոքներ ընդդեմ անընդունելի օրենքի, որը սահմանում է պորտաբուծության ամենամյա հարկ,- ասվում է հոդվածում: – Բողոքի ակցիաներն առայժմ անհանգստացնող չեն, եւ կառավարությունը լուրջ միջոցներ չի ձեռնարկել ցուցարարների դեմ, ինչը եզակի դեպք է համարվում դաժան վերահսկողության ջատագով Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսում»:

«Այուամենայնիվ, բելառուսները վախենում են իրենց անկանխատեսելի արեւելյան հարեւանից, որը կարող է օգտվել անկարգություններից եւ ներխուժում ձեռնարկել: Ղրիմի օրինակով Բելառուսի հնարավոր անեքսիայի ենթադրությունները դեռ հիմքեր չունեն, սակայն երկրում տագնապ են առաջացնում»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Los Angeles Times

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝