Պուտինյան ուղեգծի շաբլոնը տեսանելի է ամենուրեք

putin

Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Սոլդատովը վստահ է, որ պաշտոնական Մոսկվան ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերվելու հստակ ռազմավարություն չունի, իսկ Պուտինի եւ Թրամփի անկանխատեսելիությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ միջազգային քաղաքականության համար:

«Ռուսաստանի քաղաքական հայեցակարգը կարճաժամկետ, տակտիկական օրակարգ ունի: Ռուսաստանը չունի երկարաժամկետ ռազմավարություն ԱՄՆ-ի համար, եւ մենք ստիպված ենք միայն արձագանքել: Քաղաքականության բազային հիմքն այն ենթադրությունն է, որ ցանկացած պահի կարող են հարձակվել մեր վրա: Իբր Արեւմուտքը մշտապես փորձ է ձեռնարկում ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում, եւ մենք պետք է համապատասխան կերպով արձագանքենք»,-հայտնել է փորձագետը գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում:

«Եթե դիտարկենք նախորդ տարիների պուտինյան ուղեգիծը, այդ շաբլոնը տեսանելի է ամենուրեք: Օրինակ՝ Արեւմուտքը փորձում է իր կողմը քաշել Ուկրաինային, իսկ մենք պատասխանում ենք եւ վերցնում Ղրիմը: Հետո, Արեւմուտքը օժանդակում է հեղափոխական պայքարին այն երկրներում, որտեղ ցանկանում է իշխանափոխություն իրականացնել, եւ մենք պատասխանում ենք: Քլինթոնի ընտրությունը մեզ սպառնում էր պատժամիջոցների երկարաձգմամբ: Մենք արձագանքեցինք եւ փորձեցինք նրան թուլացնել: Սակայն արդյունքում ամեն ինչ ստացվեց բոլորովին այլ կերպ, ինչպես չէին ենթադրում Կրեմլում: Այժմ հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա առաջիկա 5 ամիսներին: Այո, ընտրություններից հետո Թրամփին Ռուսաստանում փառաբանում էին, սակայն այժմ ոչ ոք չգիտի, թե ինչպես է պետք վարվել այդ Թրամփի հետ: Ռուսաստանը պարզապես ռազմավարություն չունի»:

«Արդյունքում ստացվում է, որ մենք ունենք 2 նախագահ, ովքեր հավատում են դավադրություններին: Չէ՞ որ Թրամփը նույնպես կարծում է, որ շրջապատված է թշնամիներով: Այդ ընդհանրությունների առկայությունն ամենեւին չի նշանակում, որ նրանք դաշնակիցներ կդառնան: Ավելին, նրանք հակված են տագնապի մատնելու ե՛ւ իրենց ընկերներին, ե՛ւ իրենց թշնամիներին: Ոչ մեկը չգիտի, թե ինչպիսին կլինի հակադիր կողմի արձագանքը: Իսկ դա խիստ վտանգավոր է միջազգային քաղաքականության համար»,-կարծիք է հայտնել փորձագետը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝