Ամերիկյան հետախուզության մռայլ սցենարները

libya_conflict

«Ամերիկյան հետախուզության հարցերով Ազգային խորհրդի վերջին հաշվետվությունում կանխատեսվում է հեռացում ՄԱԿ-ից եւ միջազգային կարգուկանոնի երկարաժամկետ խափանում»,- գրում է շվեյցարական Le Temps թերթի հոդվածագիր Ֆրանսուա Նորդմանը:

«Համաշխարհային կարգուկանոնի հիմքերի վերանայումը կշարունակվի դեռ մի քանի տարի: Հաշվետվության հեղինակները խորհրդակցում են համալսարանների դասախոսների, գիտնականների, փիլիսոփաների հետ եւ մեկնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Շվեյցարիան, որպեսզի համեմատեն իրենց սեփական կարծիքը զրուցակիցների դիրքորոշման հետ, նախքան ընդհանրացնելը: Նրանք ներկայացրել են երեք հնարավոր սցենար»,- նշում է Նորդմանը:

«Ընդհանուր ֆոնը հոռետեսական է: Մենք բախվում ենք պարադոքսալ իրավիճակի հետ: Առաջընթացը, որին հասել են սկզբում շնորհիվ արդյունաբերական, այնուհետեւ տեղեկատվական դարաշրջանի, թույլ է տվել պատասխանատու դարձնել անհատներին, խմբերին եւ ժողովրդին, մատչելի է դարձրել հաղորդակցությունը նրանց միջեւ եւ կարողացել է աղքատությունից դուրս բերել միլիարդավոր մարդկանց: Սակայն այդ ձեռքբերումները դարձել են խոցելի, առաջացրել են քաոս՝ 2008թ.-ի տնտեսական ճգնաժամ, պուպուլիզմի տարածում, այնպիսի երեւույթներ, ինչպիսին է «արաբական գարունը»: Այդ խորքային փոփոխությունները տեսանելի ապագայում առաջիկա հինգ տարիների համար կանխատեսում են մռայլ ապագա»:

«Համաշխարհային կարգուկանոնի վերականգնումն արագ փոփոխվող միջավայրում դժվար է եւ հաշվետվության հեղինակների կարծիքով պահանջում է մոբիլիզացնել չափազանց շատ ռեսուրսներ: Այսպիսով, անհրաժեշտ է համաձայնել այն մտքի հետ, որ տարածաշրջանային հակամարտությունները՝ հրահրված ինչպես տարածաշրջանային եւ տեղական ագրեսորների կողմից, այնպես էլ ոչ պետական կառույցների կողմից, սրվում են: Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն աճում է»,- նշում է հեղինակը:

«Միեւնույն ժամանակ Չինաստանը եւ Ռուսաստանը շարունակելու են զբաղեցնել առաջատար դիրքեր: Լուրջ մտավախություն կա, թե ինչպիսին է լինելու նրանց դերը՝ Արեւմուտքի նահանջի դարաշրջանում: Այդ ամենը կհանգեցնի միջազգային իրավունքի, մարդու իրավունքների եւ իրավապաշտպան կազմակերպությունների դիրքերի թուլացմանը»:

«Պետությունների ներսում առաջանում է լարվածություն միջին խավի աղքատացման մտավախության պատճառով, մասնավորապես, արդյունաբերության ավտոմատացման, սոցիալական ապահովության վիճակի եւ միգրացիոն ներհոսքի պատճառներով, ինչը կհանգեցնի ազգայնականության եւ հովանավորչության մակարդակի աճին: Brexit, Թրամփ… մենք դեռ ուրիշ բաներ էլ կտեսնենք»,- եզրափակում է Նորդմանը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝