Մոսկվայի նկատմամբ Թրամփի նախաձեռնողականության վախճանի մասին հաղորդագրությունները վաղաժամ են

ap17024597058048772979352_t755_h53f5f18c61b7d0b4e67962cc90f82bf54f9d676e

«Թրամփի ընտրությունը Ռուսաստանում մեծ հրճվանքով ընդունվեց, իսկ Եվրոպայում՝ անհանգստությամբ, քանի որ նոր նախագահը հրապարակայնորեն իր համակրանքը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ»,- գրում է The Wall Street Journal-ը: «Սակայն Թրամփի պաշտոնավարման վեց շաբաթվա ընթացքում զգացմունքային դաշտը փոխվեց»,- կարծում են լրագրողներ Ջեյ Սոլոմոնը, Ալան Քուլիսոնը եւ Նաթան Հոջը:

«Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփն իր աշխատակազմի համար ընտրել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր կոշտ դիրքորոշում ունեն Կրեմլի նկատմամբ: Անձամբ Թրամփը սկսել է դրվատանքով խոսել ՆԱՏՕ-ի մասին, նաեւ անցած շաբաթ Կոնգրեսում»,- ասվում է հոդվածում:

«Ճիշտ է, նույնիսկ որոշ առաջատար փորձագետներ դեռեւս փորձում են գուշակել, թե որոնք են Թրամփի իրական մտադրությունները: Ամերիկացի կրեմլագետները նշում են, որ նախագահը, հավանաբար, «դիրք է բռնել» Կրեմլի հետ բանակցությունների նախօրեին, որի նպատակը Ռուսաստանի հետ հաշտվելու եւ Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի հարցում ընդհանուր մոտեցում ձեւավորելու գործողություններն են»:

«Միեւնույն ժամանակ Եվրոպան ողջունում է փոփոխությունները, իսկ Մոսկվան՝ անհանգստանում: Ըստ եվրոպացի դիվանագետների, իրենց վստահեցրել են, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին չի վաճառի Արեւելյան Եվրոպան եւ Ուկրաինան՝ Մոսկվայի ազդեցության ոլորտների ընդլայնման ճանապարհով»,- ասվում է հոդվածում: «Մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել միասնական դիրքորոշում մշակելու հարցում»,- ասել է բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը:

«ԱՄՆ-ի կրեմլագետները նշում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հիմնական «վերբեռնումը» միշտ էլ բարդ խնդիր է եղել, քանի որ Պուտինը ներքին քաղաքական պատճառներով իրականում չի ցանկանա նման «վերբեռնում»: Կրեմլում վաղուց են պնդում, որ ԱՄՆ-ն փորձում է հեռացնել Պուտինին: Ամեն դեպքում որոշ վաշինգտոնյան փորձագետներ կասկածում են, որ երկարաժամկետ հեռանկարում Թրամփը զերծ կմնա Պուտինի հետ մերձեցումից»:

«Իմ կարծիքով, Մոսկվայի նկատմամբ Թրամփի նախաձեռնողականության վախճանի մասին հաղորդագրությունները վաղաժամ են, ասել է Carnegie Endowment for International Peace-ի հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Էնդրյու Վեյսը: Իսկ Center for the National Interest-ի գործադիր տնօրեն Փոլ Սոնդերսը կարծում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները շուտով կսրվեն: Երբ Թրամփն ասում է, որ ցանկանում է կարգավորել հարաբերությունները, ապա նրա համար շատ կարեւոր է դա անել ուժով,- մեկնաբանել է Սոնդերսը: -Իսկ ռուսական կողմին, բնականաբար, դա դուր չի գա»:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝