Պուտինը ոչնչացրել է անկախ մամուլը. կարծես Թրամփը նույնն է ուզում

molchanie

«Շատ ամերիկացիներ տարակուսանքի մեջ էին, երբ Թրամփը լրատվամիջոցներին անվանեց «ամերիկացիների թշնամի»»,- գրում է The Washington Post-ի թղթակից Մարգարեթ Սալիվանը:

«Եվ ճիշտ է, այն բռնապետերի պահուստային արտահայտություններից է»,- կարծում է նա:

«Ավելի քիչ ուշադրության արժանացավ Fox News-ի հաղորդավար Բիլի Օ’Ռեյլիին Թրամփի տված պատասխանը. «Նա մարդասպան է»,- ասել էր Օ’Ռեյլին Ռուսաստանի նախագահի մասին: «Մարդասպաններ շատ կան: Մենք նույնպես շատ մարդասպաններ ունենք,- պատասխանել է Թրամփը,- դուք կարծում եք, որ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»:

«Չնայած ոչ ոք չի կանխատեսում ամերիկացի լրագրողների ավտոմեքենաների պայթյուններ կամ թունավորումներ, ճիշտ կլինի ուսումնասիրել Թրամփի եւ Պուտինի մոտեցումների նմանությունները: Երկու առաջնորդներն էլ ցանկանում են ունենալ ենթարկվող մամուլ եւ պատրաստ են միջոցներ ձեռնարկել դրան հասնելու համար, ոմանք, բնականաբար, ավելի ծայրահեղական են, քան մյուսները»,- պնդում է Սալիվանը:

«Դաժան վերահսկողությունն արդյունավետ է. Պուտինի աջակցության վարկանիշը գերազանցում է 80 տոկոսը, ինչին հասնելու համար Թրամփը, պատկերավոր ասած, պատրաստ կլիներ անգամ սպանության»,- գրում է հոդվածի հեղինակը:

«Ռուսաստանում դժվար է ապացուցել Պուտինի եւ լրագրողների սպանության միջեւ եղած ուղղակի կապը, սակայն շատերը կասկածներ չունեն»,- նշում է նա:

Սալիվանը հիշեցնում է Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը, որը The Guardian-ն անվանել էր «Ռուսաստանում ազատ մամուլի սպանություն»:

«Թրամփի հիացմունքը Պուտինի նկատմամբ ավելի շատ անհանգստություն է առաջացնում՝ ավելացնելով նրա սեփական գործողություններն անկախ լրագրությունն արմատախիլ անելու, տեղեկատվության հասանելիության արգելքի, հովանավորչության եւ սեւ ցուցակներ կազմելու ուղղությամբ»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝