Էրդողանը սպառնում է, Մերկելը՝ վճարում

Angela+Merkel+Erdogan+Meets+Merkel+Berlin+L0EuDyspuaBl

«Կանցլեր Անգելա Մերկելը  խոստացել է իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անել, որպեսզի որքան հնարավոր է շուտ թուրքական բանտից ազատի Die Welt-ի թղթակից Դենիզ Յուսելին: Արդյո՞ք ամեն ինչ կարվի»,-գրում է գերմանական Bild օրաթերթը:

«ԳԴՀ ԱԳ նախարարը չի կանչել Թուրքիայի դեսպանին, այլ ընդամենը նրան խնդրել է գալ նախարարություն զրուցելու: Այդ ձեւակերպումը նախատեսում է ամենամեղմ քննադատությունը: Լուրջ լարվածությունը չի օգնի Յուսելին, համոզված են գերմանական կառավարական շրջանակներում: Սակայն առաջին հերթին Մերկելը եւ ԵՄ-ը մտածում են Թուրքիայի հետ «դաշնագրի» մասին: Էրդողանը հոգում է, որ Իրաքի, Աֆղանստանի եւ Սիրիայի փախստականներն այլեւս չհասնեն Հունաստան: Իսկ մենք վճարում ենք»,-գրում են թերթի լրագրողները:

«Արդյո՞ք դա չի նշանակում Բեռլինի միակողմանի կախվածություն Անկարայից: Երկրորդ միգրացիոն ալիքը, որը կարող էր առաջացնել Էրդողանը, կործանանար հետեւանքներ կունենար Մերկելի նախընտրական քարոզարշավի համար եւ ԵՄ-ում քաոս կառաջացներ: Այդ պատճառով ԵՄ-ը պատրաստ է միլիարդավոր դոլարների օգնություն հատկացնել Թուրքիայում ճամբարներ կառուցելու համար: Բացի այդ, Էրդողանը շատ անգամ է սպառնացել գերմանացի քաղաքական գործիչներին Ինջիրլիք ռազմական ավիաբազա այցելելու արգելքով, որտեղ տեղակայված է Բունդեսվերի զինուժը»:

«Թուրքական տնտեսությունը լավ վիճակում չէ, գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 12 տոկոսի: Այդ ցուցանիշը քաղաքական առումով վտանգավոր է Էրդողանի համար: Անկարայից Բեռլինի կախվածության օրինակ է Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի վիճակը: Բանն այն է, որ ահաբեկչություններից եւ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը լուրջ խնդիրներ ունի, իսկ եթե դաշնային պետությունը պաշտոնապես հայտարարի, որ այդ երկիրը վտանգավոր է ճամփորդությունների համար, ապա թուրքերի համար դա տնտեսական փլուզում կլինի»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր` Bild

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝