Սպիտակ տունը քննարկում է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառման հարցը

us-missile-defense_live_c0-0-2001-1166_s885x516

«Սպիտակ տան ռազմավարության վերանայումը Հյուսիսային Կորեայի հարցով ներառում է ռազմական ուժի կիրառման հնարավորությունը կամ իշխանափոխությունը, որպեսզի այդ երկրի միջուկային զենքի սպառնալիքի մակարդակը նվազեցվի: Նման հեռանկարը ստիպում է անհանգստանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի որոշ դաշնակիցներին»,- The Wall Street Journal թերթում գրում են Քերոլ Լին եւ Ալասթեր Գեյլը:

«Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել, որպեսզի վստահեցնի դաշնակիցներին, որ ինքը չի հրաժարվի համաձայնագրերից, որոնց վրա տասնյակ տարիներ հիմնվել է ԱՄՆ-ի քաղաքականությունն Ասիայում: Փետրվարին տեղի ունեցած երկօրյա գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցել են նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Թրամփը, ամերիկացի պաշտոնյաները մի քանի անգամ հայտնել են, որ ուսումնասիրվում են Հյուսիսային Կորեայի իրավիճակի լուծման  բոլոր հնարավոր տարբերակները: Ճապոնական կողմի համար հստակ է եղել, որ այդ տարբերակներից մեկը ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակումն է Հյուսիսային Կորեայի վրա, այն դեպքում, եթե Փհենյանը պատրաստակամություն հայտնի փորձարկել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը»:

«Երկու շաբաթ առաջ նիստ է հրավիրվել ԱՄՆ-ի կառավարության պաշտոնյաների հետ, ովքեր այդ ոլորտի պատասխանատուներն են, եւ առաջարկություններ են արվել Հյուսիսայի Կորեայի հարցով: Չի բացառվել ոչ մի տարբերակ, սկսած Ամերիկայի կողմից Հյուսիսային Կորեային միջուկային գերտերություն ճանաչելուց եւ վերջացրած Փհենյանի դեմ ռազմական գործողություններից»: «Ճապոնիան մտավախություն ունի, որ կարող է ներքաշվել տարածաշրջանային հակամարտության մեջ Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման ժամանակ»,- թերթի հետ զրույցում նշել է միջազգային հարաբերությունների ճապոնական ինստիտուտի աշխատակից Տետսուո Կոտանին:

«Վերջերս Թրամփը խոստացել է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի առաջնորդներին, որ պարտավորվում է պաշտպանել այդ երկու երկրներին: Ներկայումս ԱՄՆ-ն զարգացած հակահրթիռային համակարգեր է տեղակայում Հարավային Կորեայում: Փհենյանի արագացված միջուկային ծրագիրը ստիպել է նաեւ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ռազմական շրջանակներին ստեղծել պաշտպանողական ներուժ Հյուսիսային Կորեայի դեմ»,- գրում են լրագրողները:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝