ԱՄՆ-ի ռազմական բյուջեն. փաստեր

image

«ԱՄՆ-ի նախագահը 2018թ.-ին մտադիր է ավելացնել իր երկրի ռազմական ծախսերը 54 մլրդ դոլարով: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն առանց այն էլ ամենամեծն է աշխարհում»,- գրում է Le Monde-ի լրագրող Ժաննա Քավելյեն:

«Փետրվարի 27-ին նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփն առաջարկել է 2018թ.-ին իրականացնել ռազմական բյուջեի «պատմական ավելացում` ի պատասխան առկա սպառնալիքների»: Առաջարկությունն արվել է համապատասխան իր նախընտրական խոստումներին եւ ներկայացվելու է Կոնգրեսին: Սակայն Դոնալդ Թրամփի հայտարարած «պատմական ավելացումը» ոչ բոլոր հանրապետականներին է բավարարել. սենատոր Ջոն Մաքքեյնը՝ Սենատի ռազմական հարցերով կոմիտեի նախագահը եւ հարձակողական արտաքին քաղաքականության կողմնակիցը, այդ ավելացումներն անբավարար է համարել»,- փոխանցում է լրագրողը:

Ռազմական ծախսերի ավելացումը 9 տոկոսով

«Սպիտակ տունը հայտարարել է, որ 2018թ.-ին Պենտագոնի բյուջեն կազմելու է 603 մլրդ դոլար՝ ներառյալ հայտարարած ավելացումը: Դա նշանակում է ռազմական ծախսերի ավելացում ավելի քան 9 տոկոսով՝ համեմատած 2017թ.-ի հետ»:

Աշխարհում մեծությամբ թիվ 1 ռազմական բյուջեն

«ԱՄՆ-ն հսկայական տարբերությամբ համարվում է աշխարհի առաջին ռազմական գերտերությունը: Դաշնային պետությունն իր օպերացիոն բյուջեի կեսը տրամադրում է պաշտպանությանը: Այդ ծախսերը գրեթե 3 անգամ գերազանցում են Չինաստանի ծախսերին, որը զբաղեցնում է երկրորդ տեղը:

Չինաստանի ռազմական բյուջեն 2000թ.-ից մինչեւ 2015թ.-ը կտրուկ աճել է՝ 396 տոկոսով: Ռուսաստանի ռազմական բյուջեն, որը զբաղեցնում է չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում, այդ ընթացքում աճել է 215 տոկոսով: Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի ռազմական ծախսերն ավելացել են ընդամենը 43,6 տոկոսով»,- մեկնաբանում է Քավելյեն:

«ԱՄՆ-ն իր ՀՆԱ-ի 43 տոկոսը տրամադրել է ռազմական ծախսերին միայն 1944թ.-ին, այդ բացառիկ իրավիճակն այլեւս չի կրկնվել: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1950-ական եւ 1970-ական թվականների Կորեայի եւ Վիետնամի պատերազմները համապատասխանաբար մոբիլիզացրել են ՀՆԱ-ի 12 եւ 9 տոկոսը: Ռազմական ծախսերը 6 տոկոսի հասել է Ռեյգանի օրոք՝ 1980-ական թվականներին՝ սառը պատերազմի եւ Խորհրդային Միության հետ սպառազինության մրցավազքի դարաշրջանում»:

«Եթե Կոնգրեսը հաստատի Դոնալդ Թրամփի առաջարկությունը, ապա այդ ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 4 տոկոսը՝ մոտ այն մակարդակին, որը եղել է 2011թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո»,- նշում է լրագրողը:

Ոչ ռազմական ծախսերի կրճատումը

«Պաշտպանության ծախսերի ավելացումը կփոխհատուցվի ոչ ռազմական ծախսերի կրճատմամբ: Մյուս նախարարությունների բյուջեն պետք է նվազի 10 տոկոսով: Միեւնույն ժամանակ կրճատումները չպետք է վերաբերվեն սոցիալական պաշտպանության ծախսերին, այդ թվում՝ սոցիալական ապահովության եւ բժշկական օգնության ծրագրերին, խոստացել է նախագահ Թրամփը:

Այդ հայտարարությունից հետո նկատվել է Պենտագոնի հետ պայմանագրեր ունեցող ձեռնարկությունների բաժնետոմսերի գնաճ 1-ից 2 տոկոսով»,- գրում է Le Monde պարբերականը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝