«Երեւում է՝ Թրամփը հոգեկան շեղման եզրին է». հոգեբույժ

zander

«Ամբողջ աշխարհում շունչները պահած հետեւում են ԱՄՆ-ի նոր նախագահի արտահայտություններին եւ որոշումներին: Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը վերլուծում են նաեւ հոգեբուժության ոլորտի փորձագետները»: Հայտնի նյարդաբան եւ հոգեբույժ Կարլ Իոահիմ Ցանդերը Focus-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտ է մշակել հատուկ հոգեբուժական ծրագրեր Սպիտակ տան ղեկավարին օգնելու համար:

ԱՄՆ-ի պատմության մեջ, նկատում է պրոֆեսորը, հանդիպել են նախագահներ, ովքեր տառապել են այս կամ այն հոգեբանական խնդիրներով, այնուամենայնիվ, նրանք «ճանաչվել են պիտանի նախագահական պաշտոնի համար»: «Այսպես, Լինկոլնը տառապել է ծանր դեպրեսիայից, իսկ Թեոդոր Ռուզվելտն ունեցել է երկբեւեռ հոգեկան խանգարում»:

««Թրամփաբանության» ոլորտի փորձագետները կարծում են, որ Դոնալդ Թրամփը կարող է ունենալ հոգեկան շեղումներ նարցիսիզմի հակումներով: Իրականում նարցիսիզմը կարող է արտահայտվել թեթեւ ձեւով՝ անձի վրա դրական ազդեցություն թողնելով, եւ նույնիսկ նպաստել կյանքում հաջողություններ ունենալուն: Սակայն շրջապատի համար նարցիսիզմի նման արտահայտումները կարող են անհանգստություն առաջացնել: Վախենում եմ, որ Թրամփի դեպքում մենք գործ ունենք այնպիսի նարցիսիզմի հետ, որը կարող է վերածվել ինչ-որ սարսափելի բանի. Թրամփը հավատում է, որ կարող է ղեկավարել ԱՄՆ-ն այնպես, ինչպես իր բիզնեսը: Բայց դա չի կարողանա հաղթահարել: Ես կարծում եմ, որ Թրամփը գտնվում է հոգեկան շեղման եզրին: Ես նրա մոտ չեմ նկատում անձի հակասոցիալական խախտման նշաններ, սակայն կարող եմ արձանագրել ադեկվատ սոցիալական վարքագծի խախտումը»,- նշում է պրոֆեսոր Ցանդերը: Դա արտահայտվում է նրանով, որ խանգարվում են սոցիալական կանոնները, բացակայում է ափսոսանքը, իսկ ինչ-որ առաջադրանքի լուծման ժամանակ խնդիրների առաջացման դեպքում մեղքը բարդվում է մեկ ուրիշի վրա»,- մեկնաբանում է փորձագետը:

«Թրամփը,- շարունակում է հոգեբանը,- վերին աստիճանի նյարդային է: Նրա նարցիսիզմն արագ վերածվում է զայրույթի, ագրեսիայի եւ յուրաքանչյուրի հետ «հաշիվ պարզելու» ցանկության: Այսօր Թրամփը հարձակվում է դատավորների եւ լրագրողների վրա, լինելով գործարար, նա ունեցել 3500 դատական գործընթացներ: Ըստ էության, նարցիսիզմի հակված անձը հակում ունի հիստերիայի: Ներկա պահին Թրամփի հոգեկան խնդիրներն արտահայտվում են նաեւ նրա անհեթեթ արտահայտություններում, հորինվածքներում եւ ստերում: Թրամփն արդեն ունի հոգեկան խանգարման գծեր. նա շրջապատում բոլորին ապուշ է պատկերացնում: Այդ վեհության մոլուցքը, ուռճացված իդեալական «ես»-ը, ինչին նա ի վիճակի չէ համապատասխանել, սովորաբար դատապարտված է ձախողման: Կարծում եմ, որ նա չի կարողանա չորս տարի մնալ նախագահի պաշտոնին»,- կարծիք է հայտնում հոգեբույժը:

Կարլ-Իոահիմ Ցանդերի կարծիքով, այն փաստը, որ մինչեւ հիմա Թրամփը երկիրը ղեկավարում է հիմնականում Թվիթթերի միջոցով, նույնպես վկայում է նարցիսիզմի հակվածություն ունենալու մասին: «Նա կարծում է, որ կարող է իրեն թույլ տալ չվերահսկել իր քայլերն ու արարքները: Թրամփը վստահ է իր սեքսուալ գրավչության վրա, բացի դրանից, շատ կանայք նրա վարքագիծը գայթակղիչ են համարում»:

Ցանդերի խոսքերով՝ Թրամփին անհապաղ անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը: «Սակայն նա պատկանում է այն մարդկանց տեսակին, ովքեր հոգեբույժներին հիմար եւ ոչ օգտակար են համարում»,- նշում է մասնագետը: «Բայց ես այնպիսի զգացում ունեմ, որ, այնուամենայնիվ, Թրամփին անհրաժեշտ է օգնություն, հակառակ դեպքում Ամերիկայում ամեն ինչ էլ ավելի վատ կլինի: Ես արդեն ունեմ մեկ ամերիկացի հիվանդ, ով մեկնել է ԱՄՆ-ից Թրամփի պատճառով»,- եզրափակում է պրոֆեսորը:

Աղբյուր՝ Focus

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝