Իսրայելն առաջարկում է Սաուդյան Արաբիային դաշինք կազմել Իրանին հակազդելու համար

F130116TA08

Die Welt-ին տված հարցազրույցում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտնել է, որ Թեհրանի վարչակարգն իրենից լրջագույն վտանգ է ներկայացնում հրեական պետության համար:

Իսրայելն առաջարկում է Սաուդյան Արաբիային Մերձավոր Արեւելքում ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծել: «Ժամանակն է եկել միավորել բոլոր ուժերն՝ ահաբեկչությանը հակազդելու համար»,- հարցազրույցում ասել է Իսրայելի նախարարը:

Լիբերմանի խոսքերով՝ չափավոր սունիական պետություններում հասկացել են, որ ամենալուրջ վտանգը ներկայացնում է ոչ թե Իսրայելը, սիոնիզմը կամ  հրեաները, այլ Իրանը: Չափավոր պետությունների շարքին նախարարը դասել է Պարսից ծոցի երկրները, առաջին հերթին Սաուդյան Արաբիան:

«Իսրայելը,- ասել է Լիբերմանը,- ուժեղ երկիր է, եւ մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանել: Ես մտածում եմ, որ չափավոր արաբական պետությունները գոյատեւելու համար Իսրայելի կարիքն ավելի շատ ունեն, քան Իսրայելը նրանց կարիքը»: Նախարարի խոսքերով՝ Իսրայելը կարող էր օգնել արաբական երկրներին տեխնիկայով. «Նրանք մեր նման կարողություններ չունեն՝ ոչ ահաբեկչության դեմ պայքարում, ոչ ռազմական եւ ոչ էլ գիտական հետազոտությունների ոլորտներում»:

Իսրայելցի նախարարը քննադատել է եվրոպական մերձավորարեւելյան քաղաքականությունն՝ այն անվանելով «անարդյունավետ»: Նրա խոսքերով՝ եվրոպացիները հակամարտության ժամանակ բացահայտորեն կանգնեցին պաղեստինցիների կողքին:

Լիբերմանը քննադատել է նաեւ վեց պետություններից հինգին, որոնք մասնակցել են Իրանի հետ միջուկային գործարքի իրականացմանը, այդ թվում նաեւ Գերմանիային: «ԱՄՆ-ն, որը մասնակցել է գործարքին, Լիբերմանի քննադատությանը չի արժանացել: ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Թեհրանի հետ պայմանագիրը»:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝