Ռուսաստանյան ընդդիմությունը բարոյալքված է եւ ենթարկվում է հարձակումների

upload-RIAN_03038134

«Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Բորիս Նեմցովի մահվան երկրորդ տարելիցի հիշատակման բազմահազարանոց երթ»,- գրում է Le Monde-ը:

«2011-2012թթ.-ին հականախագահական ցույցերի ժամանակ ցուցարարների թիվը, ովքեր անցնում էին Մոսկվայի փողոցներով, հասնում էր 100 հազարի: Իսկ այդ կիրակի նրանց թիվը հասնում էր 5 հազարի (ոստիկանների տվյալներով), կամ 15 հազարի (կազմակերպիչների տվյալներով)»,- նշվում է հոդվածում:

«Այսօր ընդդիմությունը ձգտում է, որպեսզի այդ հինգ չեչեններից բացի, ովքեր մեղադրվում են սպանության համար, հայտնաբերվեն նաեւ պատվիրատուները: Գլխավոր կասկածյալը՝ Ռուսլան Մուխուդինովը, նույնպես չեչեն, նախկինի նման պաշտոնապես որոնվում է ոստիկանության կողմից: Ընդդիմությունը որեւէ կասկած չունի, որ նրա ձերբակալությամբ կպարզվեր այն մարդու անունը, ով կանգնած է սպանության ետեւում. նա Ռամզան Կադիրովն է՝ Չեչնիայի ամենահզոր ղեկավարը, նախկին ապստամբը, ում իշխանության ղեկին է նշանակել Կրեմլի առաջնորդը: Ռուսլան Մուխուդինովը, ինչպես նաեւ մյուս հինգ ենթադրյալ մարդասպանները, Չեչնիայի ՆԳՆ զորքերի «Հյուսիս» գումարտակի զինյալներ են եղել, հատուկ ջոկատայիններ՝ նվիրված Ռամզան Կադիրովին»,- գրում են լրագրողները:

«Ընդդիմությունը դժվարությամբ է ուշքի գալիս Բորիս Նեմցովի սպանությունից հետո, իսկ մյուս պատասխանատու ղեկավարները երբեմն դառնում են հարձակման թիրախ: Օրերս անհայտ անձը կանաչ ներկ է լցրել նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի վրա, ով ներկայացնում է ՊԱՌՆԱՍ կուսակցությունը, որը նա ժառանգել է Բորիս Նեմցովից: Նման դեպքերը Ռուսաստանում դառնում են սովորական»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝