Որտե՞ղ է այն Թրամփը, ում հաղթանակի պատվին Ռուսաստանում շամպայն էին խմում

Maxim-Zmeyev

«Այն օրվանից, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները մեղադրանքներ հնչեցրեցին Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններին միջամտելու համար, նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված հանդես է գալիս պնդումներով, որ ինքը Կրեմլի խամաճիկը չէ,- Politico-ում գրում է Մարկ Բենեթսը: -Իրական ապացույցների բացակայության դեպքում, որ Թրամփը գտնվում է «Պուտինի գրպանում», այդ ամենը ճշմարտանման չէ: Ի՞նչ, եթե Թրամփը խաղի մեջ է ներքաշել Պուտինին»:

«Ուսումնասիրենք այն տարբերակը, որ Թրամփը մոլորեցրել է Կրեմլին աղոտ-խոստումնալից հայտարարություններով Ռուսաստանի համար այնպիսի կարեւորագույն հարցերում, ինչպիսիք են տնտեսական պատժամիջոցների չեղարկումը եւ Ղրիմի ճանաչումը որպես ռուսաստանյան տարածք, իսկ անձամբ չի գործել այդ ամենին համապատասխան,- ասվում է հոդվածում: -«Սպիտակ տան նվաճման» գործընթացում առանց որեւէ խնդրանքի  նա կստանար համագործակցություն կիբերհարձակումների եւ կեղծ տեղեկությունների եղանակով»:

«Հնչում է ամբողջովին մտացածին եւ առանց ապացույցների՞: Անկասկա՛ծ: Սակայն դա կարելի է ասել նաեւ հաճախ հնչող այն պնդման մասին, որ Թրամփը մանջուրյան նախագահ է, որի ցանկացած քայլը վերահսկվում է Մոսկվայի կողմից կոդավորված հաղորդագրությունների միջոցով: Թրամփի դիրքորոշումների վերջին փոփոխությունը, որոնք նախկինում բարենպաստ էին Կրեմլի համար, ավելի հավանական է դարձնում այն հանգամանքը, որ Պուտինն ամենասկզբից եղել է զինվոր այդ խաղում»,- նշում է հեղինակը:

«Թրամփի՝ հերոսից չարագործի ապշեցուցիչ վերափոխումն ավարտվեց անցած շաբաթ, երբ նա խոստացավ ամերիկյան միջուկային զինանոցը դարձնել լավագույնը, ինչին Մոսկվան պատասխանեց՝ նախազգուշացնելով սպառազինության նոր մրցավազքով: Ռուսաստանի հիասթափությունն ակնհայտ է,- ասվում է հոդվածում: -Այդ նույն Թրա՞մփն է արդյոք, ով այդքան խոստումնալից էր թվում նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ նույն մա՞րդն է արդյոք, ով գովաբանում էր Պուտինին որպես ուժեղ առաջնորդի եւ ակնարկել էր, որ կանդամահատի «հնացած» Հյուսիսատլանտյան դաշինքը: Որտե՞ղ է այն Թրամփը, ում  հաղթանակի պատվին Ռուսաստանում շամպայն էին խմում»:

«Այնուամենայնիվ, Պուտինը դեռ կարող է ժպտալու պատճառներ ունենալ,- ենթադրում է Բենեթսը: -Եթե անգամ Թրամփը  ռուսներին «մատների վրա է խաղացրել», այնուամենայնիվ, նրա նախագահությունը որոշակի առավելություններ է տալիս Կրեմլին: Փորձագետ Ստանիսլավ Բելկովսկիի կարծիքով, ռուսաստանցի պաշտոնյաները հիացած էին Թրամփի ընտրությամբ, քանի որ դա ի ցույց դրեց ամերիկյան ժողովրդավարության թուլությունը: Թրամփի նախագահության առաջին շաբաթները միայն ամրապնդեցին այդ պնդումները: «Այդ առումով Պուտինը հաղթող է»,- ասել է Բելկովսկին»:

Աղբյուր՝ Politico

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝