Պուտինը կարող է բազմաթիվ զոհեր պահանջել, սակայն նոր սպառազինության մրցավազքի համար փող չունի

putin

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, ավելացնում է միջուկային զենքի քանակը եւ հավանություն է տալիս նավթի ցածր գների պահպանմանը: Ռուսաստանի եւ Թրամփի միջեւ ոչ մի գործարք չի լինի: Մոսկվան կրկին Ամերիկային որպես թշնամի է ընդունում»,- Frankfurter Allgemeine-ում գրում է քաղաքական վերլուծաբան Ֆրիդրիխ Շմիդտը:

«Ռուսաստանն այժմ ավելի շատ պատճառներ կունենա հոռետեսության, քան լավատեսության համար: Առաջին հերթին, Ռուսաստանը հետաքրքրված է նավթի բարձր գներով, սակայն Թրամփն ուզում է, որպեսզի Ամերիկան ավելացնի սեփական արդյունահանման ծավալները, այդ պատճառով չեղարկում է սահմանափակումները, որոնք սահմանել է Օբաման: Երկրորդ, Մոսկվան Իրանի դաշնակիցն է՝ չնայած Սիրիայի հարցով ունեցած տարբեր դիրքորոշումներին, իսկ Թրամփն, ընդհակառակը, ցանկանում է նվազեցնել Իրանի ազդեցությունը եւ դեմ է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրին»:

«Խնդիրներ նկատվում են նաեւ միջուկային զենքի ոլորտում: ՌԴ կառավարությունն անմիջապես մերժեց պատժամիջոցների չեղարկումը միջուկային զինաթափման Թրամփի գաղափարի հետ կապելը:  Անցած տարի Մոսկվան խափանեց պայմանագիրը երկարաձգելու Օբամայի փորձը: Ռուսաստանյան Պետդումայում այդ ժամանակ առաջարկել էին բանակցություններում ներառել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը Եվրոպայում եւ 4 հազար ամերիկացի զինծառայողների տեղափոխումը Լեհաստան, ինչը համարվում էր Ուկրաինայի հակամարտության արձագանքը: Մոսկվայում որոշել են պոկեր խաղալ, եւ ստացան միջուկային զենքի ավելացման թրամփյան քաղաքականությունը»,- գրում է հեղինակը:

«Բնականաբար, Պուտինը կարող է իր ժողովրդից բազմաթիվ զոհեր պահանջել, սակայն նոր սպառազինության մրցավազքի համար երկիրը փող չունի, ասվում է հոդվածում: ԱՄՆ-ն մինչեւ ատամները զինելու Թրամփի ցանկությունը հիշեցնում է Ռոնալդ Ռեյգանի քաղաքականությունը, որը մեծ ճնշում էր գործադրել Խորհրդային Միության վրա սպառազինություն կուտակելով»:

«Իհարկե, այս ամենը կարող է ընդամենը լինել առաջիկա բանակցությունների նախապատրաստում: Կրեմլի համար այդ դերերի փոփոխություններն այնքան էլ հաճելի չեն, քանի որ նախկինում Պուտինի գլխավոր հաղթաթուղթը նրա անկանխատեսելիությունն էր եւ զիջումներ կորզելու նպատակով հակամարտությունների սրացման գնալու պատրաստակամությունը: Նախագահ Թրամփի հետ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կորցնում է այդ մենաշնորհը»,- եզրափակում է Շմիդտը:

Աղբյուր՝ Frankfurter Allgemeine

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝