Ճի՞շտ է արդյոք, որ Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդն է

170110_putinchampagne

«Իշխանության 17 տարիների ընթացքում ՌԴ առաջնորդը կարողացել է տիրապետել 200 մլրդ. դոլար կարողության, 58 ինքնաթիռների եւ ուղղաթիռների, 20 պալատների եւ քաղաքամերձ առանձնատների: Հնարավոր է, Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենահարուստ մարդն է»,-գրում է Daily Mail-ը:

Հրապարակախոս Քելլի Մաքլաֆլինը հիշեցնում է, որ Forbes ամսագրի տվյալներով աշխարհի ամենահարուստ մարդը պաշտոնապես համարվում է Բիլ Գեյթսը, ով 75 մլրդ. դոլար կարողություն ունի:

«64-ամյա Պուտինի ավելի քան 200 մլրդ. դոլարի չափով ակտիվների մասին հայտնել է Ռուսաստանում ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար, գրքերի հեղինակ Բիլ Բրաուդերը»:

«Ես կարծում եմ, որ ՌԴ նախագահը տիրապետում է շուրջ 200 մլրդ. դոլար կարողության: Այդ բոլոր գումարները ներդրվել են բանկերում եւ անշարժ գույքի շուկայում, բաժնետոմսերում եւ հիմնադրամներում, որոնք կառավարում են Պուտինի մտերիմները»,-նշել է Բրաուդերը:

«Քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Բելկովսկին պնդում է, որ Պուտինի կարողության զգալի մասը գոյացել է նավթային բիզնեսից, եւ որ ռուսաստանցի նախագահը վերահսկում է «Սուրգուտնեֆտեգազի» 37% եւ «Գազպրոմի» 4,5% բաժնեմասերը, նաեւ մասնաբաժին ունի  հումքի վաճառքի Gunvor ընկերությունում: Բելկովսկին Պուտինի կարողությունը գնահատել է շուրջ 70 մլրդ.՝ պնդելով, որ տեղեկատվություն է ստացել գաղտնի աղբյուրներից»:

«Պուտինի հարստության ապացույցների հայտնի օրինակներից է նրա «Օլիմպիա» անվանումով շքեղ զբոսանավը, որն արժե 35 մլն. դոլար: Դա նախագահական պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան նվիրել էր «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Պուտինի հսկայական կարողության եւս մեկ, առավել ակնառու վկայություն է Սեւ ծովի ափին գտնվող նրա պալատը, որի արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ. դոլար»,-նշվում է հոդվածում:

«2010թ.-ին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախագահն այդ պալատին որեւէ առնչություն չունի: Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի գործարար եւ վտարանդի Սերգեյ Կոլեսնիկովն իր հարցազրույցում նշել էր, որ պալատը կառուցվել է անձամբ Պուտինի համար, սակայն վճարումները կատարվել են ռուսաստանցի օլիգարխների կողմից ստեղծված ինչ-որ գաղտնի հիմնադրամի կողմից»:

«Եթե Պուտինին հասանելի են ոչ միայն երկրի հզոր ընկերությունների կարողությունները, այլեւ օլիգարխների հիմնադրամները, ապա նրա ակտիվները հսկայական աճ են արձանագրում: Ինչպես ժամանակին հայտնել է Պուտինի քաղաքական հակառակորդ Բորիս Նեմցովը, նախագահը տիրապետում է 58 ինքնաթիռների եւ ուղղաթիռների, 20 շքեղ պալատների եւ առանձնատների, ժամացույցների 500 հզր. դոլար արժողությամբ հավաքածուի: Իսկ Պուտինը քմծիծաղով է արձագանքել այն պնդումներին, թե ինքը հանդիսանում է ամենահարուստ մարդը»,-եզրափակում է պարբերականը:

Աղբյուր՝ Daily Mail

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝