Էրդողանի Թուրքիան «պուտինիզացման» ճանապարհին

1471252356

«Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որը քվեարկության է դրվելու ապրիլի կեսերին, թուրքական խորհրդարանը վերածում է գրանցումների գերատեսչության, ինչպես ռուսաստանյան Պետդուման է»,- ֆրանսիական Le Monde թերթում գրում է թղթակից Մարի Ժեգոն:

«Շուտով Թուրքիան մայր օրենքում փոփոխություններ է կատարելու, որպեսզի ընդլայնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունները: Նրա կողմնակիցները հիշատակում են նախագահական կառավարման հզոր համակարգի մասին՝ «ֆրանսիական» կամ «ամերիկյան» տարբերակով, սակայն դա ավելի շուտ մի մոդել է, որը հիշեցնում է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը»:

«Արտաքին քաղաքականությունում Փոքր Ասիայի դիրքորոշման մարտավարական փոփոխությունը՝ Արեւմուտքից հեռացումը, Մոսկվայի հետ մերձեցումը, երկրի ներսում ուղեկցվում է «պուտինիզացման» քաղաքական համայնապատկերով: Հունվարի 21-ին խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծրագիրը քվեարկության է դրվելու ապրիլի կեսերին: Այն լինելու է համազգային հանրաքվեի տեսքով՝ առաջնորդին դեմ կամ կողմ քվեարկությամբ: Այս պահի դրությամբ «այո»-ն եւ «ոչ»-ը հավասար են»,- նշվում է հոդվածում:

«Եթե հաղթանակ տանի «այո»-ն, ապա երկրի ղեկավարը կստանա ավելի շատ լիազորություններ, քան Թուրքիայի ղեկավարներից որեւէ մեկը: Պուտինի Ռուսաստանը եւ Էրդողանի Թուրքիան ունեն շատ ընդհանրություններ, բացի «իշխանության ուղղահայացից»: Երկու ղեկավարներն էլ իրենց տեսնում են միսիոների դերում, ովքեր ուղղորդում են իրենց ժողովրդին: «Ես նույնպես հովիվ եմ, նա, ով չի հասկանա հովվի փիլիսոփայությունը, չի կարող կառավարել»,- հայտարարել էր Էրդողանը 2016թ.-ի նոյեմբերին: «Այս բոլոր 8 տարիներին ես աշխատել եմ ինչպես ստրուկը մակույկի վրա, առավոտից մինչեւ գիշեր»,- ասել էր Պուտինը 2008թ.-ին»:

«Հմտորեն խաղալով ժողովրդի զգացմունքների հետ՝ երկու առաջնորդներն էլ իրենց խոսքերը համեմում են բարոյական, կրոնական եւ պատմական հղումներով: Այսպես, Պուտինը գովաբանում է Նիկոլայ 2-րդ կայսեր ժամանակաշրջանի վարչապետ Պյոտր Ստոլիպինին: Էրդողանը գովաբանում է սուլթան Մեհմեդ 2-րդին՝ 2016թ.-ի մայիսի 29-ին հանդիսավորությամբ տոնելով Կոստանդնուպոլիսի գրավման 563-րդ տարելիցը»,- հայտնում է հոդվածագիրը:

«Երկուսն էլ հիանալի կերպով կարող են մոբիլիզացնել ժողովրդին՝ իրենց երկիրը ներկայացնելով որպես ամրակետ՝ շրջապատված ներքին եւ արտաքին թշնամիներով: Կրեմլում, ինչպես նաեւ Թուրքիայի մայրաքաղաքում, մատրիցան նույնն է: Այն ուղեկցվում է լրատվամիջոցների տապալմամբ: 2000թ.-ից Պուտինը հաշվեհարդար տեսավ խոշոր հեռուստաալիքների հետ, НТВ-ն խլելով օլիգարխ Վլադիմիր Գուսինսկիից եւ ОРТ-ն՝ իր հետ տարաձայնություն ունեցող գործարար Բորիս Բերեզովսկուց»:

«Էրդողանը նույնպես ձգտում է վերահսկել մեդիա դաշտը՝ իշխանությանը մոտ կանգնած գործարար շրջանակի միջոցով: 2016թ.-ի հուլիսին ձախողված հեղաշրջումից հետո փակելով 102 լրատվամիջոց, բանտարկելով եւ աշխատանքից հեռացնելով բազմաթիվ լրագրողների, ովքեր ստիպում էին լսել այլընտրանք եւ քննադատական խոսք, Էրդողանը Թուրքիայում ամրապնդում է միակարծությունը»,- գրում է հեղինակը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝