Թրամփը սարսափի մեջ է պահում Բալկանյան երկրներին

size0

«Մոսկվա-Վաշինգտոն առանցքը վտանգի տակ է դնում կայունությունը բալկանյան երեք երկրներում՝ Մակեդոնիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, ինչպես նաեւ Կոսովոյում»,- Der Standard-ում գրում է լրագրող Ադելգեյթ Վյոլֆլը:

«Բոսնիա եւ Հերցեգովինայում, որտեղ բնակչության մեծ մասն իսլամ է դավանում, նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանական երկրներից քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու որոշումը զայրույթ է առաջացրել: Բալկանյան այդ պետությունում մահմեդականներն ավելի կողմնորոշված են դեպի Արեւմուտք, նաեւ Բիլ Քլինթոնի վարած քաղաքականության շնորհիվ, ով աջակցում էր ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները եւ փորձում էր պահպանել Բոսնիա եւ Հերցեգովինայի ամբողջականությունը»,- պարզաբանում է հեղինակը:

«Թրամփի պոստմոդեռնիստական պոպուլիզմը Բալկանների մուսուլմանների սրտով չէ: Ոչ մի եվրոպական տարածաշրջանում ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չեն եղել այդքան կարեւոր կայունացնող գործոն, որքան Հարավային Եվրոպայում 1990-ական թվականների պատերազմական գործողությունների ընթացքում»:

«Թրամփի Սպիտակ տուն մտնելուց հետո միասնական ամերիկա-եվրոպական քաղաքականությունը վտանգված է: Մի կողմից, այն պատճառով, որ Թրամփն այդքան էլ հետաքրքրված չէ տարածաշրջանով, ինչի հետեւանքով կարող է վակուում առաջանալ, մյուս կողմից, դա կարող է ուժեղացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Մոսկվան փորձում է թույլ չտալ ՆԱՏՕ-ի ընդլայնումը Բալկաններում»,- գրում է Վյոլֆլը:

«Կայունության որոշիչ գործոններից մեկը Կոսովոյում համարվում է հարեւան Սերբիայի բարիդրացիական դիրքորոշումը: Բալկանների հարցով փորձագետ Թոբիաս Ֆլեսենկեմպերը կարծում է, որ «ռուսական քարտեզը», որն իր ձեռքի տակ միշտ ունի Բելգրադը, նոր աշխարհաքաղաքական ժողովածուում ստացել է ավելի մեծ նշանակություն: Թրամփի մտերմությունը Պուտինի վարչակազմի հետ ուղղված է մինչեւ հիմա գոյություն ունեցող եվրաատլանտյան առանցքի դեմ: Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, ում վրա վերջին տարիներին խաղադրույք են կատարել ԵՄ-ն եւ Գերմանիան, վերջին ամիսներին ապացուցեց, որ նա կարող է նաեւ չենթարկվել՝ ի հակադրություն եվրոպացիների սպասումների եւ չկատարել «կայունության խարսխի» դերը:

Խոսքը ոչ միայն «Սլավոնական եղբայրություն» ռուս-սերբական զորավարժությունների մասին է, որն անցկացվել է նոյեմբերի սկզբին: Ռուսաստանը Սերբիային է նվիրել 6 հատ МИГ-29 կործանիչ, 30 տանկ եւ 20 միավոր այլ զինտեխնիկա: Իսկ ԱՄՆ-ն Թրամփի օրոք քիչ միջոցներ է ծախսելու տարածաշրջանում ժողովրդավարության աջակցության ծրագրերի համար: Այս կապակցությամբ կարելի է սպասել Բալկաններում ինքնիշխանության ձգտումների աճ եւ տարածաշրջանում քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարության վրա ճնշում»,- եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Der Standard

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝