Ամերիկացի գեներալը Ռուսաստանի մասին. «Մենք ոչ 18-րդ, ոչ էլ 19-րդ դարում ենք»

Lt

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը գերմանական Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Սառը պատերազմից հետո մենք հույս ունեինք, որ Ռուսաստանը կդառնա վստահելի գործընկեր, եւ էականորեն կրճատեցինք մեր զինված ուժերի քանակը: Իսկ հիմա մենք անհրաժեշտություն ենք զգում կրկին ավելացնելու ռազմական ուժը»,- հայտնել է գեներալը:

Նրա խոսքերով՝ առաջին ահազանգը պետք է լիներ 2008թ.-ի օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան: «Սակայն Արեւմուտքում ոչ բոլորն էին այդ ժամանակ  հասկանում ագրեսիայի նշանակությունը: Հնարավոր է, որ հենց դա Ռուսաստանում պատկերացում առաջացրեց, որ իրենք այդպես կարող են ներխուժել նաեւ Ուկրաինա եւ գրավել Ղրիմը»,- ընդգծում է Հոջեսը:

«Դա ռուսաստանյան կողմի ամենամեծ սխալն էր. 2014թ.-ին իրականացրած ագրեսիան Արեւմուտքին արթնանալու ազդանշան էր»: «Ես ենթադրում եմ,- ասել է հրամանատարը,- որ Ռուսաստանի նախագահը թերագնահատել է այն, թե ինչպես ՆԱՏՕ-ն եւ ԵՄ կարձագանքեն Ղրիմի անօրինական անեքսիային»:

Հոջեսը մեկնաբանել է նաեւ  Ռուսաստանի սահմանի մոտ տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժությունները: «Ուելսում տեղի ունեցած դաշինքի գագաթաժողովից հետո մենք անցկացրել ենք մի շարք զորավարժություններ, որպեսզի աջակցենք ՆԱՏՕ-ի այն անդամ երկրներին, որոնք սպառնալիք են զգում Ռուսաստանի կողմից,- ասել է նա: -Սակայն, քանի որ դա ոչ մի արդյունք չի տվել, եւ ռուսաստանյան ղեկավարության վարքագիծը չի փոխվել, ՆԱՏՕ-ի անդամ երկրները 2016թ.-ի հուլիսին Վարշավայում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում որոշվել է անցնել ահաբեկման քաղաքականությանը: Արդյունքը եղավ Enhanced Forward Presence ռազմավարությունը, համաձայն որի ՆԱՏՕ-ն իր ռազմական ներկայությունն ավելացնելու էր Բալթյան երկրներում եւ Լեհաստանում»:

hodzhes_ben_reg-big

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի զորավարժությունները սադրանք է համարում: Դա ռուսաստանյան մարտավարության մաս է,- ընդգծել է Հոջեսը: -Նրանք, բնականաբար, ցանկանում են վարկաբեկել մեր զորավարժությունները: Սակայն պետք է նայել փաստերին. Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ն ունի ընդամենը 87 տանկ, դրանք կարելի է տեղակայել ընդամենը մեկ ֆուտբոլի դաշտում: Ռուսաստանցիները երկրի արեւմուտքում  տեղակայել են  առաջին տանկային գվարդիական բանակը, որտեղ կան ավելի քան 800 տանկեր: Ահա սա միանշանակ հարձակողական ստորաբաժանում է, այսինքն, ըստ էության, սադրանք, չնայած այն հանգամանքին, որ մենք միշտ հրավիրում ենք նրանց մեր զորավարժություններին, որպեսզի ցույց տանք, թե ինչ  ենք անում»:

Ամփոփելով՝ Հոջեսը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերադառնա գիտակից երկրների շարքին: «Ես շատ հստակ եմ ուզում ասել. մենք բաց ենք թողնում դուռը Ռուսաստանի համար, որպեսզի նա կարողանա վերադառնալ գիտակից երկրների շարքին: Ռուսաստանը գերտերություն է, որը շատ բան կարող է առաջարկել միջազգային հանրությանը: Եվ Արեւմուտքը Ռուսաստանի կարիքն ունի, իսկ Ռուսաստանն՝ Արեւմուտքի, օրինակ, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային իսլամիստական ահաբեկչության դեմ պայքարը, կլիմայական փոփոխություններին հակազդեցությունները, էներգետիկ ռեսուրսների նվազման խնդիրների լուծումը: Սակայն դրա համար Ռուսաստանը պետք է իրեն պատասխանատու պահի եւ հարգի այլ երկրների ինքնիշխանությունը: Ղրիմի անեքսիայից հետո մենք չենք կարող ձեւացնել, որ ոչ մի բան չի եղել, չէ՞ որ մենք հիմա ոչ 18-րդ դարում ենք եւ ոչ էլ 19-րդ»:

Աղբյուր՝ Frankfurter Allgemeine

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝