Եթե Թրամփն Ուկրաինան հանձնի Պուտինին, ամբողջ հույսը Գերմանիան կլինի

Merkel-i

«Եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն, այնուամենայնիվ, Պուտինի հետ «ոչ շահեկան» գործարք կնքի եւ չեղարկի հակառուսաստանյան պատժամիջոցները՝ աչք փակելով Ուկրաինայի ճակատագրի վրա, ապա ԵՄ-ն Անգելա Մերկելի գլխավորությամբ պետք է իր վրա վերցնի ուկրաինական շահերի պաշտպանության խնդիրը»,- գրում են ամերիկյան եւ բրիտանական լրատվամիջոցները: Անգլալեզու մամուլը նշում է նաեւ, որ Մինսկյան համաձայնագիրը կարիք ունի վերանայման Գերմանիայի նախաձեռնությամբ:

«Պուտինը, հավանաբար, փորձում է միավորել Արեւելյան Ուկրաինայի տարածքները՝ նախապատրաստվելով Վաշինգտոնի հետ «մեծ գործարքի», որը կարող է հանգեցնել պատժամիջոցների չեղարկման եւ Ուկրաինայում լարվածության աճի, փոխարենը Մոսկվայի հետ այնպիսի ոլորտներում համագործակցության, ինչպիսիք են ահաբեկչությունը եւ միջուկային  զենքը: Դա կարող է ամրապնդել այն կարծիքը, որ Մոսկվային թույլատրված է խախտել Եվրոպայի ինքնիշխանությունը՝ խուսափելով պայմանավորվածությունների խախտման հետեւանքներից»:

Ամերիկյան The Wall Street Journal թերթն իր հոդվածում Դոնբասում վերսկսված հակամարտությունը կապում է Ուկրաինայում ԱՄՆ-ի առաջնորդության վակուումի հետ: Ինչպես գրում է թերթը, «Մինսկ-2» համաձայնագիրը, որը պետք է խաղաղություն բերեր Արեւելյան Ուկրաինայում, արհեստական է, եւ Մինսկյան գործընթացը կարիք ունի վերագործարկման ստեղծագործական դիվանագիտության միջոցով, իսկ Թրամփի աշխատակազմի թողած դատարկությունը պետք է լրացնի Եվրոպան, հիմնականում Անգելա Մերկելը, Մինսկյան համաձայնագրերի գլխավոր բանակցողը:

«Մերկելը եւ եվրոպական ու համաշխարհային մյուս առաջնորդները պետք է համոզեն Թրամփին Ուկրաինայի շահերի գնով Պուտինի հետ ոչ մի գործարքի չգնալ: Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի նախագահը չեղարկի հակառուսաստանյան պատժամիջոցները՝ Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման հարցում նշանակալի փոխզիջումների չհասնելով, Մերկելը պետք է պատրաստ լինի, որպեսզի ամրապնդի եվրոպական առաջնորդների վճռականությունը՝ պահպանել եվրոպական միջոցներն ընդդեմ Ռուսաստանի»,- գրում է The Wall Street Journal-ը: «Քանի որ ԵՄ-ն Ռուսաստանի համար ավելի հզոր առեւտրային գործընկեր է, քան ԱՄՆ-ն, դա կարող է Մոսկվային համոզել, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը բխում է նրա ազգային շահերից»:

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝