Թրամփը երդվեց, հրթիռներն ընկան Ուկրաինայի վրա

original_new-top

«Կարո՞ղ է լինել սովորական զուգադիպություն, որ Ուկրաինայում Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը սկսեցին վերջին ամիսների ամենահզոր հարձակումն այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Դոնալդ Թրամփի հետ: Դա փոքր-ինչ կասկածելի է,- գրում է The Washington Post հանդեսը: -Համազարկային «Գրադ» կայանները եւ ծանր հրետանին, որոնք հարվածներ են հասցնում ուկրաինական դիրքերի ուղղությամբ, ավելի շուտ նման է ստուգման. կընկրկի՞ արդյոք նոր նախագահը Մոսկվայի ճնշման առջեւ»:

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցն այդպես էլ չի լուծվել: Հնարավոր է հիասթափված Պուտինն անհրաժեշտություն է զգացել որոշակի ճնշում գործադրել մեկ այլ կողմից: Կամ, հնարավոր է, նա ցանկանում էր խափանել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջիկա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ»:

«Ինչ էլ որ լինի, ռուսաստանյան հրետանին, որը շաբաթներ շարունակ լռում էր, սկսեց կրակ բացել Կիեւի կողմից վերահսկվող Ավդեեւկայի ուղղությամբ՝ ապստամբական Դոնեցկից դեպի հյուսիս: Կրակահերթը տարածվել է դեպի հարավ, Մարիուպոլի ուղղությամբ: Միեւնույն ժամանակ ուկրաինացի զինվորականներն ու քաղաքացիները սպառնալիք պարունակող հաղորդագրություններ են ստացել»,-նշվում է հոդվածում:

«Ուկրաինայում որոշակի տնտեսական առաջընթացը չի բխում Պուտինի շահերից: Երկրի տնտեսական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների դանդաղ առաջընթաց է նկատվում: Նոր ռազմական գործողություններն այդ ամենը վտանգի տակ են դնում: Պուտինի եւս մեկ նպատակներից կարող է լինել Թրամփին զիջումների դրդելը. ոչ միայն չեղարկել պատժամիջոցները, այլեւ ճանաչել Ռուսաստանի ազդեցության շրջանակը, որն իր մեջ ներառում է նաեւ Ուկրաինան»:

«Թրամփը բազմիցս հիշատակել է Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորությունը Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» դեմ պայքարում: Սակայն ռուս-ամերիկյան համագործակցությունը Պուտինի նպատակներից մեկն է եղել: Այլ կերպ ասած, նման գործարքը կարող է Պուտինին տրամադրել այն, ինչ նա իրականում ցանկանում է: Եթե Թրամփը համակերպվի, ապա դրանով Պուտինը կհասնի նաեւ իր երրորդ նպատակին՝ նվազեցնելով ԱՄՆ-ի համաշխարհային գլոբալ ազդեցությունը հօգուտ Ռուսաստանի»,- եզրափակում է The Washington Post-ը:

Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝